211652_close_icon
views-count1480 դիտում article-date 07:15 28-10-2023

ՔՊ պաշտոնյաներ Ռուբինյանն ու Արշակյանը սահմանաչափից շատ բենզին են օգտագործում՝ առանց հիմնավորման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ծառայողական ավոմեքենաները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դարձել են անձնական օգտագործման՝ պետության հաշվին: Այդ են վկայում «Ժողովուրդ» օրաթերթի հարցումների պաշտոնական պատասխանները:

Հիշեցնենք՝ դեռեւս նախորդ շաբաթ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ շատ հանձնաժողովների նախագահների սպասարկող ավտոմեքենաները սահմանաչափից շատ բենզին են ծախսում, եւ նախագահները հստակ չեն բացատրում, թե ինչու: «Ժողովուրդ» օրաթերթը հարցման մեկ այլ տողով խնդրել էր տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Ռուբինյանին եւ Հակոբ Արշակյանին սպասարկող ավտոմեքենաները որքան բենզին են ծախսել, եւ որքան է եղել նրանց տրամադրված բենզինի հավելաչափը (01/09/2022-31/08/2023թթ): Նաեւ խնդրել էինք պարզաբանել, թե ԱԺ պաշտոնյաները սահմանված չափից ավել բենզինը ինչ անհրաժեշտությամբ են բացատրել եւ ստացել: «Նշենք նաեւ, որ տարվա ընթացքում հավելյալ բենզինի տրամադրման անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված խորհրդարանից դուրս տեղի ունեցած մի շարք աշխատանքային հանդիպումներով, նիստերով ու քննարկումներով»,-պատասխանել են ԱԺ-ից:

Նկատենք, որ ԱԺ լրատվական ծառայության ղեկավար Լաուրա Անտոնյանը մեզ տվել է պատասխան միայն թվերի տեսքով՝ չներկայացնելով, թե ինչ անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել պաշտոնյաների հավելյալ պահանջը: Տեղեկացնենք նաեւ, որ մեր հարցումն ուղղված էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին, որը պետք է միայն խելամիտ բացատրություն ստանալու պարագայում պաշտոնյաներին ԱԺ միջոցներից հավելյալ բենզին տրամադրի: Նրանք թաքցնում են պաշտոնյաների օգտագործած բենզինի ծախսերի իրական պատճառը, չեն ստուգում , թե որքանով է հիմնավոր հավելյալ բենզինի պահանջը:

«Ժողովուրդ» օրաթերթը տարբեր փորձագետների հետ զրույցում պարզեց, որ պաշտոնյաներին տարեկան 3600 լիտր տրամադրվող բենզինը անհնար է օգտագործել մինչեւ վերջ, եթե ծառայողական ավտոմեքենան իրապես միայն ծառայողական նպատակներով օգտագործվի, այլ ոչ թե անձնական, ընտանեկան այլ կարիքներ հոգա: Հետեւելով ԱԺ փոխնախագահների գործունեությանը՝ կարելի է միանգամից ասել, որ նրանք տարվա ընթացքում աշխատանքային օրերի զգալի մասն անցկացնում են գործուղումներում արտերկրում, բնականաբար, դրանք էլ՝ պետության հաշվին: Այսինքն՝ ե՛ւ Հակոբ Արշակյանը, ե՛ւ Ռուբեն Ռուբինյանը, որոնք համապատասխանաբար ապրում են Դավիթաշենում եւ Շենգավիթում, պետք է ամեն օր աշխատանքի գան Երեւանի Ազգային ժողով եւ վերադառնան:

Գործուղումների օրերին էլ նրանց վարորդները պետք է իրենց օդանավակայան հասցնեն ու վերադառնան, կանգնեցնեն ավտոմեքենան, մինչեւ ղեկավարները վերադառնան Հայաստան: Կարծես թե, այդպես չի եղել: Ծառայողական ավտոմեքենաները օգտագործվում են շռայլորեն: Դա է պատճառը, որ 1 տարվա ընթացքում հասցրել են 3600 լիտր բենզին «դուրս գրել»՝ օրենքի տառին համապատասխան, իսկ մի դեպքում՝ 320, մյուս դեպքում 220 լիտր էլ հավելյալ են պահանջել:


Ստացվում է՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ոչ թե բողոքում էր «պադավատապետությունից», այլ այն բանից, թե ով է այդ «պադավատապետության» ղեկին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր