211652_close_icon
views-count985 դիտում article-date 07:29 24-10-2023

Ինչ է արվում Ռուբեն Վարդանյանին և մյուսներին Հայաստան բերելու ուղղությամբ. ինչու են լուռ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հակարիի ապօրինի անցակետում ձերբակալեց, ինչի մասին հայտնեց նրա կինը: Ավելի ուշ Ադրբեջանը հայտնեց, որ Վարդանյանը կալանավորվեց 4 ամսով։

Ադրբեջանի ԱԱԾ-ն նաեւ հայտնեց, որ ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւս ձերբակալված է, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների, եղել է Ռուբեն Վարդանյանի մեքենայում, այսինքն՝ նրանք ձերբակալվել են նույն օրը: Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը եւս գերեվարված է:

Հոկտեմբերի 4-ից սկսած՝ ադրբեջանական մամուլը սկսեց տարածել լուսանկարներ, տեսանյութեր նաեւ գերեվարված նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ: Սա դեռ միայն պաշտոնյաների մակարդակում տեղի ունեցած գերեվարություններն են, եւ միայն վերջին օրերին: Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր խաղաղ բնակիչներ, զինծառայողներ, պատերազմի մասնակիցներ, անչափահասներ այսօր Ադրբեջանի գերեվարության մեջ են:

Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս կապակցությամբ հայկական արդեն միակ պետությունը՝ Հայաստանը: Այն մարմինները, որոնք որ, ենթադրվում է, պետք է գործունեություն ծավալեին այս ուղղությամբ, բազմաբովանդակ լռում են: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել պետության ղեկավար մարմիններին՝ հասկանալու, թե ինչ քայլեր է անում ՀՀ-ն 2020թ. պատերազմի ընթացքում եւ հետո գերեվարվածներին, 2023թ. գերեվարված Արցախի Հանրապետության 3 նախագահներին եւ ռազմաքաղաքական նախկին ու ներկա ղեկավարներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Նաեւ խնդրել ենք կոնկրետ նշել՝ վերջին քայլը Հայաստանի կողմից որն է եղել այդ ուղղությամբ, երբ եւ ինչ պատասխան է տվել Ադրբեջանը դրան:

Նախագահն իր աշխատակազմով թեեւ փայլում է հարցումներին պատասխանելու արագությամբ, սակայն նույնը չի կարելի ասել նրա գործունեության հետ կապված: «Արտաքին քաղաքականության բնագավառում Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրությամբ: Ձեր գրության մեջ արծարծված հարցերը վերաբերելի չեն Հանրապետության նախագահի` Սահմանադրությամբ սահմանված լիազորություններին եւ գործառույթներին»,- տեղեկացնում են նախագահականից:

Այս ամենից կարելի է ենթադրել, որ պարոն Խաչատուրյանի լիազորությունների մեջ է մտնում միայն ծնունդներ շնորհավորելն ու դեսպաններին ընդունելը, իսկ թե այդ ընթացքում Հայաստանը կշարունակի արդյոք քարտեզի վրա լինել, կամ լինելու դեպքում էլ մարդ կմնա արդյոք ներսում, թե բոլորը կգերեվարվեն, միեւնույնն է: Կարճ ասած, եկե՛ք տխուր բաներից չխոսենք:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
 

Նմանատիպ նյութեր