211652_close_icon
views-count1060 դիտում article-date 18:27 19-10-2023

ԵԽ ԳՔ հատուկ ներկայացուցչի հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Զգայազրկի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը փաստահավաք առաքելություն է իրականացնում, որը նպատակ ունի տեղում վերհանել և գնահատել ՀՀ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամով պայմանավորված մարտահրավերները, քննարկել ԵԽ-ի հնարավոր աջակցությունը սույն խնդիրների լուծման հարցում և այս առնչությամբ նախարարության հետ փոխգործակցության եզրերը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած հերթական լայնածավալ ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման, այդ գործողությունների վերջնական նպատակը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց կարիքների և իրավունքների պաշտպանությանն ու իրավական կարգավիճակին առնչվող խնդիրները: Հատուկ անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց խախտված իրավունքների փաստահավաք աշխատանքներին, այդ իրավունքների վերականգնման, Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի իրացման համատեքստում աշխատանքներին և այդ ուղղությամբ ԵԽ հետ համագործակցության շրջանակներին:

Այս համատեքստում Կարեն Կարապետյանը նշանակալից է որակել ԵԽԽՎ-ի կողմից հոկտեմբերի 12-ին ընդունած 2517 թվակիր բանաձևը, որն ի շարս այլոց արձանագրել է ավելի քան 100.600 հայերի կողմից Լեռնային Ղարաբաղը լքելու փաստը, դրանում էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածները, և որ դրանց պատճառը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունները և դրան նախորդած՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամն է։

Վեհաժողովը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ողբերգական արտագաղթը չպետք է ընդունվի որպես նոր իրականություն և կոչ է արել Նախարարների կոմիտեին ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ մոնիթորինգային գործընթաց:

Լեյլա Քայաջիկը նշել է ԵԽ-ի պատրաստակամությունն աջակցել Հայաստանի Հանրապետությանը ստեղծված ճգնաժամային իրավիճակում՝ տեղեկացնելով, որ այդ աջակցությունը կարող է ներառել թե՛ ոլորտային ծրագրի, և թե՛ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ. գործողությունների ծրագրով նախատեսված այլ գործողությունների ներքո համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով՝ ներառելով սույն ճգնաժամային իրավիճակում Հայաստանի կարիքները։

Կողմերը քննարկել են պետական մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը` սույն ճգնաժամային իրավիճակին պատշաճ արձագանք ապահովելու նպատակով, տեղահանված անձանց իրավական կարգավիճակով ապահովման և նրանց անխոչընդոտ մասնակցությունն ապահովելու օրենսդրական մարտահրավերները և այս ուղղությամբ ԵՄ անդամ պետությունների փորձը:

Կողմերը քննարկել են նաև ԵԽ-ի աջակցության հնարավորությունները՝ սույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացված Հռոմի ստատուտի կիրարկման շրջափուլում։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր