211652_close_icon
views-count760 դիտում article-date 19:41 13-02-2024

ՄԻՊ-ը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 13-ին ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute - NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսին և NDI խորհրդարանի ծրագրի ավագ ղեկավար Հովհաննես Հարությունյանին:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

✅ Պաշտպանն անդրադարձ է կատարել փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերին: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, կրթության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։

✅ Պաշտպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Նմանատիպ նյութեր