211652_close_icon
views-count934 դիտում article-date 20:21 18-10-2023

Անահիտ Մանասյանն ու Դունյա Միյատովիչը շարունակում են հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի համատեղ այցերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հոկտեմբերի 18-ին Անահիտ Մանասյանն ու Դունյա Միյատովիչը հանդիպել են Կոտայքի մարզում ժամանակավոր բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ:

«Ծաղկաձոր խոշորացված համայնքի հանգստյան տներից մեկում այս պահին բնակվում է բռնի տեղահանված 105 անձ, այդ թվում՝ 40 երեխա:

Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ. Պաշտպանին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անձինք ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման արդյունքում առաջացած խնդիրները։ Անդրադարձ է կատարվել կենսաթոշակների, պետական նպաստների վճարման հետ կապված հարցերին:

Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բացի այդ, Պաշտպանն այցելել է նաև բռնի տեղահանված անձանց` Երևանի պետական համալսարանի Ծաղկաձորում գտնվող «Համալսարան» հյուրանոցում տեղակայված ժամանակավոր կացարան, որտեղ այս պահին գտնվում է բռնի տեղահանված 167 անձ, այդ թվում՝ 44 երեխա:

Պաշտպանը տեղում ուսումնասիրել է բռնի տեղահանված հայրենակիցների կեցության պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։
Նշվում է, որ Պաշտպանը բռնի տեղահանված անձանց հետ ունեցել է խորհրդապահական առանձնազրույցներ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:

Նմանատիպ նյութեր