211652_close_icon
views-count132090 դիտում article-date 16:17 12-09-2023

Ոստիկանական հատուկ օպերացիա Լոռու մարզում․ դիմակավորված ոստիկանները Վանաձորում բերման են ենթարկել մեծ թվով քրեական հեղինակությունների ու քրեական ենթամշակույթ կրողների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանի, Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ Լոռու մարզում իրականացվել է ոստիկանական դիմակավորված հատուկ օպերացիա։

Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան Երևանից Վանաձոր էին ժամանել ոստիկանական հատուկ դիմակավորված ջոկատայինները, ովքեր Վանաձորի տարբեր
հատվածներից ոստիկանության Տարոնի և Բազումի բաժիններ են տեղափոխել քրեական պատմություններով Վանաձորում հայտնի, քրեական ենթամշակույթ կրողների։

Մեծ մասը զգալով, որ դիմակավորված ոստիկանները իրենց հետևից են եկել, փորձել են կամ դիմել փախուստի, կամ աննկատ հեռանալ ոստիկանների տեսադաշտից, սակայն դա նրանց չի հաջողվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կան կասկածներ, որ բերման ենթարկվածները կապ ունեն Վանաձորում 2 օրվա տարբերությամբ տեղի ունեցած կրակոցների դեպքերի հետ, ինչի հետևանքով մի քանի հոգի, այդ թվում՝ 2 կանայք, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Ու միայն նշված բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ է եղել նրանց կյանքը փրկել։

2 դեպքերի փաստերով Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ֆոտոլրագողի հետ զրույցում մի քանի վանաձորցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Քիչ առաջ ենք իմացել, որ Երևանից դիմակավորված ոստիկաններ են եկել ու մի քանի սուտի գողականների փռել են ասֆալտին ու տարել։ Այ մարդ, երկար ժամանակ էր՝ Վանաձորը խախանդվել էր, բայց 2 օրում սկսին իրար վրա կրակել, որ մարդիկ ընկան հիվանդանոցներ։ Հիմա լսել ենք, որ հենց էդ կրակոցների գործով են Երևանից եկել ու հաստատ ուզում ենք հավատալ, որ նախկին Վանաձորը՝ նկատի ունեն, որ ժողովուրդն ասել է «Վանաձորը Սիցիլիա է», չի լինի։ Թող բոլորն էլ իմանան, որ եթե փորձեն նորից Վանաձորի փողոցները վերածեն մարտաֆիլմ հիշեցնող վայրերի, ոստիկանները թույլ չեն տա»։

Այս պահին Լոռու մարզում ոստիկանական ուժեղացված ծառայությունը շարունակվում է, որոնց միացել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։՛

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին բերման ենթարկվածների ինքնությունները չենք հայտնում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com, սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։

Ժամը 20:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն ու ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները կանայք են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։ Նրանցից մեկը 24 տարեկան է, մյուսը ՝ 34:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վնասվածքներ ստացել և որտեղ են տեղի ունեցել կրակոցները։

Վարկածներից մեկի համաձայն հնարավոր է այն կապ ունենա օգոստոսի 31-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների հետ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վիրավոր կանանց ինքնությունը և թե արդյոք բացի նրանցից այլ վիրավորներ կան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ա. Զաքարյանի և Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Արման Գալստյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել են, որտեղ է տեղի ունեցել դեպքը և դեպքի վայրում քննիչները զննություն են կատարում: 

Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճներ և գնդակներ: Դեպքը տեղի է ունեցել Շիրակացի և Վարդանանց փողոցների խաչմերուկում գործող «Krug» մթերային խանութում, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, ապակիներին և խանութում գտնվող սառնարանների վրա նույնպես կան կրակոցի հետքեր: 

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը և երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորպես դադարեցվել էր: 

Մարզի ոստիկանապետ Ա. Զաքարյանի հանձնարարականով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր մեկնել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է վիրավորները 2-ը չեն:   

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էր ժամանել նաև Լոռու մարզի դատախազի տեղակալ Զորի Բաբայանը:
 
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 233+
233+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր