211652_close_icon
views-count643 դիտում article-date 11:40 07-09-2023

Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման. Նիկոլ Փաշինյան

«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ-ի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը:

«Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունն շարունակվում է»,-ասաց Փաշինյանը և անդրադարձավ սեպտեմբերի 1-ն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի գործադրած ռազմական գործողությանը, որի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ երեք զինծառայող:

Փաշինյանն հավելեց, որ այդ սադրանքին նախորդել և հաջորդել են ՀՀ ԶՈւ կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կեղծ լուրերի տարածումը:

«Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը, հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս  գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը: Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ և իրականությանը չհամապատասխանող թեզեր: Կարծում եմ, որ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ։

Փաշինյանը նաև վերահաստատեց Հայաստանի նվիրվածությանը խաղաղության օրակարգին: «ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում ու Լաչինի միջանցքի ապաարգելափակումը համաձյան Արդարադատության միջազգային դատարանի որոշումների էական է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը հավատարիմ է Բրյուսելում ու Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։

«Այս ամենի հենքի վրա Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման  պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Փաշինյանը կրկնեց՝ հայկական կողմն իր հավատարմությունն է արտահայտում խաղաղության օրակարգին։

Նմանատիպ նյութեր