211652_close_icon
views-count520 դիտում article-date 18:46 07-08-2023

ԲՏԱ նախարարն ընդունել է ԿՏՀ ղեկավար կազմին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 7-ին ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության գործադիր տնօրեն Նուրուդին Մուխիտդինովին և գործադիր տնօրենի տեղակալ Նատալյա Զորյային։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Երևանում կայանալիք Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Փոստային կապի և փոստային կապի օպերատորների միության համատեղ 55/44-րդ նիստի օրակարգին առնչվող հարցերին։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է Հայաստանի համար հեռահաղորդակցության ոլորտի կարևորությունը, անդրադարձել այդ ուղղությամբ կատարված աշխատանքներին ու զարգացումներին, ներկայացրել փոստային կապի ոլորտում իրականացված բարեփոխումները։

Նուրուդին Մուխիտդինովը նախարարին է ներկայացրել Կապի տարածաշրջանային համագործակցության գործառույթներն ու նպատակները, անդամ պետությունների միջև արդյունավետ գործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոստային կապի ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման, կապի նորագույն համակարգերի կիրառությունների արդյունավետությանն առնչվող հարցեր։

Ռոբերտ Խաչատրյանը հաջողություն է մաղթել ԿՏՀ աշխատանքներին, վստահություն հայտնել, որ Երևանում կայանալիք համատեղ նիստի ընթացքում շոշափելի արդյունքներ կգրանցվեն։

Հանդիպման ավարտին Նուրուդին Մուխիտդինովը Կապի տարածաշրջանային համագործակցության շրջանակներում ակտիվ համագործակցության համար պատվոգրեր է հանձնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին, նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանին, Կապի և փոստի վարչության պետի պարտականություններ կատարող Ծովինար Գալստյանին և «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանին։

Նշենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները ընդգրկված են Կապի տարածաշրջանային համագործակցության փոստային կապի հանձնաժողովի և փոստային կապի օպերատորների խորհրդի, ինչպես նաև կից գործող աշխատանքային խմբերում:

Նմանատիպ նյութեր