211652_close_icon
views-count931 դիտում article-date 12:44 31-07-2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է, որ Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է, որ հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ:

ԿԽՄԿ-ն այս մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում, որտեղ ավելի վաղ տեղեկացրել էր, որ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող տղամարդուն ձերբակալման հենց նույն օրն այցելել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնցից մեկը բժիշկ է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Լաչինի միջանցքում Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման և Ադրբեջանի տարածք տեղափոխման առնչությամբ:

Գերատեսչությունը հաստատել է, որ Խաչատրյանը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում՝ բուժում ստանալու նպատակով, տեղավորվել է Բաքվի բուժհաստատություններից մեկը, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, իբր, «շարունակում է քաղաքական մանիպուլյացիաների մեջ մտնել՝ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և իր պարտավորություններից խուսափելու նպատակով»:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով  Հայաստան տեղափոխվող արցախցի Վագիֆ Խաչատրյանին:

 

Նմանատիպ նյութեր