211652_close_icon
views-count4705 դիտում article-date 11:08 28-07-2023

Ու՞մ էր հավատարմության ժեստ անում Նիկոլ Փաշինյանը՝ Կրեմլի՞ն, թե՞ Անկարային․ առանց քաղաքական բաղադրիչի նորաստեղծ համաժողովրդական շարժումը շուտով կմարի․ Կարեն Հեքիմյան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ ««2020թ․ սկսվեց Փաշինյան Նիկոլի պարտության շրջանը։ Խաղադրույքները սպառվում են, սակայն նա շարունակում է խաղալ։ Այժմ խաղադրույքը Հայաստանն է»։ «Առավոտի» զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը․

- Նիկոլ Փաշինյանի վերջին` հինգ ժամանոց ասուլիսը ինչի՞ մասին էր, ու՞մ և ի՞նչ ուղերձ հղեց Նիկոլ Փաշինյանը, մանավանդ, երբ խոսում էր Ակնայով հումանիտար մատակարարումների, Բաքվի և Ստեփանակերտի ուղիղ երկխոսության մասին, երբ ասաց` չի ցանկանում մտածել այն մասին, թե ինչ կանի Երևանը, երբ Արցախում պատերազմ սկսվի։ 

- Առիթ եմ ունեցել ասելու, որ իր էությամբ, Փաշինյան Նիկոլը ազարտ խաղացող է: Մինչև վերջ խաղում է: Այդպիսի խաղացողների համար կանգ առնել չկա: Նրանց մոտ բացակայում է խաղադրույքի չափի և սահմանի հասկացությունը: Նրանք մինչև վերջ են խաղում: Այդպիսի դեպքերում, մեծամասամբ, խաղն ավարտվում է կյանքի հետ մեկտեղ: Փաշինյան Նիկոլից այլ բան սպասել պետք չէ: Նա խաղալու է այնքան, քանի դեռ ունի խաղադրույքներ անելու հնարավորություն: 

2020թ սկսվեց Փաշինյան Նիկոլի պարտությունների շրջանը: Խաղադրույքները սպառվում են, սակայն նա շարունակում է խաղալ: Այժմ խաղադրույքը Հայրենիքն է: Եվ, հենց այդ հարթության մեջ պետք է դիտարկենք իր բոլոր քայլերը, այդ թվում 5 ժամանոց ասուլիսները, դրանց ուղերձները, արծարծված մտքերը և այսպես շարունակ: Փաշինյան Նիկոլը միայն մեկ նպատակ է հետապնդում. խառնել ամեն ինչ, խառնել բոլորի խաղաքարտերը, բլեֆ անել և, մաքսիմում՝ հաղթել, մինիմում՝ ժամանակ ձգել: Այլ տրամաբանություն նրա գործողությունների և ասածների մեջ չկա:

- Նիկոլ Փաշինյանը նաև ատելության մեծ քարոզ տարավ, պատմական էքսկուրսով հիշեցրեց այն մասին, որ պատմական տարբեր շրջաններում պետություն չենք ունեցել.ի՞նչ էր ուզում դրանով ասել։ 

- Ատելության քարոզ Փաշինյան Նիկոլն ու վերջինիս թիմակիցներն իրականացնում են 2018թ սկսած: Դա նորություն չէ: Ինչ վերաբերում է պատմական էքսկուրսին և պետություն ունենալ-չունենալու պարբերականությանը, ապա դա ևս պետք է դիտարկել ազարտ խաղի տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Փաշինյան Նիկոլը փորձեց հասկացնել Կրեմլին, որ իրենք միասին կարող են դեռ երկար ճանապարհ անցնել և հենց ինքն է այն ուժը, որը պետք է Կրեմլին: Սակայն, մյուս կողմից՝ ո՞վ ասաց, որ այդ ուղերձը Կրեմլին է ուղղված: Միգուցե՝ Թուրքիային: Ճիշտ հասկացեք, եթե խաղացողը Փաշինյան Նիկոլն է, ապա խաղի կանոնները, դասական իմաստով, չեն գործում:

- Ի դեպ, Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության մասին նաև ԱԳ նախարարների եռակողմ մոսկովյան հանդիպումից հետո, խոսեց նաև ՌԴ ԱԳ նախարարը։ 

- Խոսելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Արդյո՞ք երկխոսությունը պետք է ընթանա ելնելով հավասարության սկզբունքից: Եթե այդ սկզբունքը չի գործելու, ապա ի՞նչ իմաստ ունի երկխոսել: Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ ինքը Ղարաբաղի հարցը համարում է լուծված: Այդ դեպքում, ո՞րն է լինելու երկխոսելու հիմքը: 

Ժամանակին Փաշինյան Նիկոլն ասում էր, որ իրենից պահանջում են իջեցնել Ղարաբաղի խնդրի լուծման նշաձողը: Կարծում եմ, որ հենց Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն է նշաձողի իջեցումը: Այժմ, ունենք այն ինչ ունենք: Ստիպված պետք է գնանք այդ քայլի: Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը փաստացի չի կայանա, սակայն դրա մերժումը կարող է էլ ավելի իջեցնել նշաձողը մինչև, ենթադրենք՝ Գյանջա-Խանքենդի երկխոսություն:

- Մոսկվայում՝ ԱԳ նախարարների հանդիպումից հետո, Սերգեյ Լավրովը խոսեց այդ մասին: Նաեւ՝ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ամրագրում կա ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, բայց Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Շահումյանից, Գետաշենից եւ այլ բնակավայրերից տեղահանված հայերի մասին որեւէ հիշատակում չկա: Այսինքն, ադրբեջանցիների ներգաղը Հայաստան՝ սպասվում է:

- Տեսեք, Դուք հիշատակեցիք Բաքուն, Սումգայիթը, Կիրովաբադը, Շահումյանը, Գետաշենը, որոնք հայաշատ էին կամ հիմնականում բնակեցված էին հայերով: Սակայն, կա Արծվաշենը, որի կարգավիճակն աշխարհի որևէ պետության կողմից կասկածի տակ չի դրվում՝ չի վիճարկվում: Աշխարհի համար Արծվաշենը ՀՀ անբաժանելի մաս է այնպես, ինչպես Գյումրին կամ Երևանը: Եվ, այս պայմաններում, շուրջ 31 տարի շարունակ Արծվաշենը վերադարձի խնդիրը հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանին երբեք չի եղել: Իսկ Դուք ասում եք Բաքու կամ Գետաշեն: 

Այս պահին պաշտոնական Երևանի անունից բանակցողին միայն մեկ բան է հետաքրքրում՝ հնարավորինս երկար մնալ իշխանության ղեկին: Այդ նպատակի ճանապարհին նա պատրաստ է զիջել ամեն հնարավորը: Ադրբեջանցիները դա վաղուց են հասկացել և քայլ առ քայլ ձեռքբերումներ են արձանագրում:

Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Եթե խոսում ենք նախկինում հայաբնակ տարածքների կամ ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենի մասին, ապա պետք է հասկանանք, թե արդյոք կան այդ խնդիրների լուծման շահառուներ: Մասնավորապես՝ արդյո՞ք մեր հայրենակիցները ցանկանում են վերադառնալ Բաքու, Սումգայիթ, Շահումյան կամ Գետաշեն: Արդյո՞ք նման հանրային պահանջ կա: Հենց այս պահին ես փնտրում եմ Արծվաշենի վերադարձի շահառուներ, որպեսզի փորձեմ ձևավորել Արծվաշենի վերադարձի առերևույթ հանրային պահանջ: Չի ստացվում, քանզի շահառուներ գրեթե չկան: Հիշեցնեմ, որ խոսքը գնում է ՀՀ անբաժանելի մաս կազմող համայնքի մասին: Եվ, եթե այսպիսի արդյունք ենք արձանագրում Արծվաշենի մասով, ապա պատկերացնու՞մ եք ինչ կլինի Բաքվի կամ Կիրովաբադի հարցում:

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում գոնե առերևույթ  Լաչին, Քելբաջար  ու Ղուբաթլու վերադառնալու պահանջ միշտ եղել է: Ըստ այդմ, եղել են նաև շահառուներ: Ավելին, կարծում եմ, որ այժմ Ադրբեջանում կգտնվեն մարդիկ, որոնք իբր կցանկանան վերադառնալ Սիսիան, Կապան կամ, նույնիսկ՝ Երևան: Վերջիններս Ադրբեջանում այդ խնդրի շուրջ հանրային պահանջ կձևավորեն, կդիմեն միջազգային ատյաններ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ձեռք կբերեն քաղաքական դիվիդենտներ, դատեր կշահեն: Մեր երկրում նույնիսկ այդպիսիք չկան, որոնք գոնե հանրային պահանջ ստեղծելու համար, իբր կցանկանան վերադառնալ Արծվաշեն, էլ չեմ խոսում Բաքու և Սումգայիթ վերադառնալու մասին:

Մի խոսքով, այսրոպեական իշխանության և ազգաբնակչության ազգային խնդիրների հանդեպ բացարձակ անտարբերությունից օգտվում են միայն ադրբեջանցիները: Իսկ Լավրով Սերգեյն ու մնացածները մատուցած ծառայությունների դիմաց Ադրբեջանից իրենց փայն են տանում:

- Արցախում սկսված համաժողովրդական շարժումը, ռուս խաղաղապահներին ուղղված քննադատությունը, Նիկոլ Փաշւնյանի անունը չհնչեցնելը և շարժումը միայն հումանիտար համարելը ի՞նչ մտորումների տեղիք են տալիս։

- Միայն բացասական էմոցիաներ է առաջացնում: Նկատել եմ, որ նորաստեղծ շարժումն իրեն քաղաքական չի համարում: Այդ դեպքում, այն ի՞նչ նպատակ ունի կամ ումի՞ց և ի՞նչ է պահանջում: Եթե նպատակը բացառապես հումանիտար բեռներն են, ապա ի՞նչ տարբերություն, թե դրանք որ ճանապարհով կգան՝ Լաչին- Ստեփանակերտ, թե Աղդամ-Ստեփանակերտ: Բացի դրանից՝ չեմ կարծում, որ շարժումը ձևավորվել է դեպի Արցախ մեկանգամյան հումանիտար բեռ հասցնելու նպատակով: Սա երկարատև գործընթաց է և քաղաքական լուծումներ է պահանջում: Սակայն, եթե մարդկանց նպատակը միայն հացն է, ապա այդ խնդրով կարող է զբաղվել, ենթադրենք՝ Կարմիր Խաչը, Գորիսի կամ Գերանբոյի քաղաքապետարանը, սակայն ոչ ԱՄՆ կոնգրեսը, Եվրախորհրդարանը կամ ՌԴ Պետական Դուման: 

Վստահ եմ, որ առանց քաղաքական բաղադրիչի նորաստեղծ համաժողովրդական շարժումը շուտով կմարի: Ափսոս այն ժամանակը և ռեսուրսները, որոնք վատնվում են:  Սակայն, ո՞վ գիտի, միգուցե նպատակը դա է:

- Արցախի խորհրդարանում քաղաքական վերադասավորումների մասին խոսակցություններ կան։ Իշխող ուժը ներկայացնող ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին պիտի փոխարինի ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը։ Սա Արցախում կհանգեցնի՞ դիրքորոշումների կոշտացման և ին՞չ զարգացումներ ակնկալել։ 

- Արցախն ու Հայաստանը մեկ մարմին են և պարտավոր են հանդես գալ որպես մեկ մարմին: Եվ, եթե Արցախն ու Հայաստանը հանդես են գալիս որպես տարբեր սուբյեկտներ, ապա ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականը և ցանկացած այլ մարդու այդ պաշտոնում ընտրվելը ոչինչ չի փոխի: Փաշինյան Նիկոլը,  Արցախի մասով, Հայաստանի անունից ձեռքերը լվացել է: Այս պարագայում, ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու Արցախի թվով երկրորդ պաշտոնյան: Կարծում եմ, որ Արցախի խնդիրը հնարավոր է վերակենդանացնել միայն Փաշինյան Նիկոլից հետո:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր