211652_close_icon
views-count889 դիտում article-date 10:26 27-07-2023

Հայաստանից մեկնած ավտոշարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մտնելուն

Հայաստանից մեկնած ավտոշարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մտնելուն. Մինչդեռ Ադրբեջանը չի իրականացնում Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռը` ապահովելու անարգել մուտքը: Բացի այդ, Բաքվից հնչել են «խաղն ավարտված է» անմարդկային և ցինիկ հայտարարությունները։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե «անընդունելի է քաղաքականացնելն ու պնդելն միայն Լաչինի ճանապարհի օգտագործումը, իսկ Աղդամի (Ակնա) ճանապարհը մերժելն ու փակելը»։

«Միջազգային հանրությունը պետք է հստակ տեղեկացված լինի Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհի օգտագործման և «Ղարաբաղի հայ բնակչության» (Արցախի Հանրապետության քաղաքացիներ-Tert.am) Ադրբեջանի կազմում վերաինտեգրման մասին։ Ուրիշ ճանապարհ չկա՛։ Խաղն ավարտված է»,- ասել էր Հաջիևը։

Սրան ի պատասխան ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ բրյուսելյան բանակցություններում Ադրբեջանի հետ Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկություն է տարածել։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի գործող իշխանությունները հայտնվել են մի իրավիճակում, որ Հայաստանը ցույց է տալիս, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը ստում է, որ Լաչինի միջանցքը բաց է»,- նշել է նա։ 

Նշենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Կոռնիձորում է։ Ադրբեջանական կողմը դեռևս թույլ չի տվել այն տեղափոխել Արցախ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բեռն ուղարկելը որակել է որպես «սադրանք»։ 

Նմանատիպ նյութեր