211652_close_icon
views-count3159 դիտում article-date 20:25 24-07-2023

«Մարտական եղբայրություն» միաբանությունը պահանջ է հղել Հայաստանի Հանրապետությանը և կոչ արել հայ հանրությանը

«Մարտական եղբայրություն» միաբանությունը պահանջ է հղել Հայաստանի Հանրապետությանը և կոչ արել հայ հանրությանը․

««Մարտական եղբայրություն» միաբանությունը վերլուծելով 2020 թ.-ի պատերազմին հետևած իրավիճակը՝ գտնում է, որ դրա գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքականության ուժային բաղադրիչից փաստացի հրաժարվելն է:

Այս քաղաքականության արդյունքում Ադրբեջանի և նրա թիկունքում կանգնած արտաքին ուժերի կողմից իրացվել են հետևյալ քայլերը.

Հայաստանի Հանրապետության տարածքում բարձունքների գրավում,
հայ զինվորների գերեվարում,
Արցախի շրջափակում և այլն, որոնք բոլորն էլ դուրս են 2020 թվականի պատերազմում պարտության հետևանքներից:

Այսինքն, ի հակադրություն Հայաստանի՝ Ադրբեջանը շարունակել է ուժային ճնշման քաղաքականությունը, և դրա շնորհիվ հասել է այնպիսի արդյունքների, որոնց չի կարողացել հասնել 2020 թ.-ի պատերազմով:

Սրանք բոլորը վկայում են Հայաստանի դեմ փաստացի շարունակվող պատերազմի մասին:
Եթե 2020-ի պատերազմի արդյունքներն ամփոփվել են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ապա այժմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը փաստացի չի գործում:

Փաստացի տապալվել է նաև «խաղաղության դարաշրջանի» պաշտոնական քաղաքականությունը: Նույնիսկ հնարավոր առավելագույն զիջմամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ Հայաստանի Հանրապետությունը չի ստանում խաղաղություն, ինչը միանշանակ վկայում է, որ խաղաղության նպատակ չունի ո՛չ Արբեջանը, ո՛չ էլ նրա հետ համագործակցող արտաքին ուժերը:

Այս ուժի կիրառումից հրաժարման քաղաքականության շարունակության դեպքում հաջորդիվ դրվելու են`

ՀՀ տարածքների (հատկապես Սյունիքի),
ՀՀ տարածք թուրքերի վերադարձի,
ՀՀ կողմից ռազմական կոնտրիբուցիա վճարելու,
պատերազմում սեփական մեղավորությունը ճանաչելու,
և վերջապես ՀՀ անկախության հարցերը:

Այս կանխատեսումները չափազանցություն չեն, այլ հստակ ծրագիր, որն իրականցվում է ՀՀ-ի դեմ:
Այս ծրագրին անհնար է դիմակայել ուժից հրաժարվելու, «պարտության հետ հաշտվելու» քաղաքականությամբ:
Ուշ թե շուտ գալու է ուժին ուժով, ուժային դիմադրության անխուսափելիությունը:

Ելնելով այս վերլուծությունից՝ համարում ենք, որ իրավիճակին միակ համարժեք քայլը Հայաստանի Հանրապետության կողմից՝ ուժային քաղաքականության վերադարձն է՝ ուժին ուժով պատասխանելու, ուժ ցուցադրելու կամքի և կարողության ցուցադրումը:

«Մարտական եղբայրություն» միաբանությունը հատկապես պահանջում է Հայաստանի Հանրապետությունից.

Հրապարակայնորեն ձևակերպել Արցախի հայության ապաշրջափակումն ուժային ռազմական միջոցով իրացնելու իր պատրաստակամությունը, եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած մյուս երկու կողմերը չեն ուզում կամ չեն կարող երաշխավորել Հայաստանի և Արցախի անխափան հաղորդակցության մասին պայմանը

Նախապատրաստվել և իրացնել Արցախի և Հայաստանի միջև կապի վերահաստատման ուժային գործողությունը՝ լինի դա Լաչինով, թե որևէ այլ հարմար տարածքով, եթե ուժային գործողության պատրաստակամության մասին հայտարարությունից հետո ողջամիտ կարճ ժամկետում, ապաշրջափակումը չի իրացվում խաղաղ ճանապարհով:

Հայաստանի Հանրապետությունն ունի բոլոր իրավական և բարոյական հիմքերն այս հարցում ուժային գործողության դիմելու:

Դրանք են.
- Նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթը, համաձայն որի Արցախ Հայաստան կապը պետք է անխափան լինի
- Հաագայի միջազգային դատարանի որոշումը
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության ՀՀ պարտականությունը

Եթե Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն ի զորու չի համարում կամ չի ցանկանում դիմել ուժային քայլերի իր քաղաքացիներին պաշտպանելու, և իր օգտին կայացած միջազգային որոշումներն իրացնելու, ապա Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենք փաստացի չունեն պետություն, քանի որ պետությունը սկսվում է ինքնապաշտպանվելու կարողությունից: Հետևաբար Հայաստանի քաղաքացիները պետք է հարց դնեն սեփական պետությունը վերակերտելու և վերադարձնելու ձևերի մասին, ինչը հնարավոր է համաժողովրդական շարժմամբ:

Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, հանրային խմբերին, որոնք ճիշտ են համարում վերաբերյալ դրույթները հրապարակավ միանալ մեր պահանջին և տարածել այն, որպեսզի այն ստանա ավելի մեծ ազդեցություն:

Միաժամանակ հասկանում ենք, որ այսպես ձևակերպված պահանջները բազմաթիվ հարցերի առիթ կարող են դառնալ, և այդ առումով մեր պատրաստակամությունն ենք հայտնում քաղաքակիրթ բանավեճի այն բոլոր անհատների և հանրային խմբերի հետ, որոնք համարում են մեր վերլուծությունն ու մեր պահանջը վիճարկելի: Բանավեճի ձևաչափերը կարող ենք որոշել համատեղ, այն պետք է լինի հրապարակային, իսկ նպատակը՝ արդյունավետ լուծումներ գտնելն իրավիճակից:

«Մարտական եղբայրություն» միաբանություն
2023․ 07․ 24
Երևան»

Նմանատիպ նյութեր