211652_close_icon
views-count790 դիտում article-date 21:12 06-07-2023

Անահիտ Ավանեսյանը կարևորել է Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդումը

Շարունակվում է Հայկական 6-րդ Միջազգային բժշկական համագումարի գիտական ծրագիրը: 23 սաթելիտային սիմպոզիումներից հերթականը նվիրված էր Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բարեփոխումներին, հաղորդում են Առողջապահության նախարարությունից։ 

Միջոցառմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ընդգծելով կայուն, ժամանակի պահանջներին համապատասխան ԱԱՊ օղակի դերը` նա նշել է.

«Վերջին երկու տարիներին առողջապահության նախարարության մասնագետներից, ԱԱՊ օղակի պատասխանատուներից, Սփյուռքի և միջազգային փորձագետներից կազմված աշխատանքային խումբը մշակել է ԱԱՊ նոր մոդելը և անցման փուլերը: Հաշվի են առնվել մեր իրողությունները, կառուցակարգերն ու ձևավորված առողջապահական մշակույթը»:

Նախարարն առանձնացրել է ԱԱՊ բարեփոխումների հիմնական բաղադրիչները`

Ենթակառուցվածքների զարգացում: Միայն այս տարի մեկնարկել են 20 ամբուլատորիայի և 10 պոլիկլինիկայի շինարարության նախագծանախահաշվային աշխատանքներ: Երեք տարում հանրապետության առաջնային օղակի հաստատություններն ապահովված կլինեն պատշաճ ենթակառուցվածքներով:

Ծառայությունների շրջանակ, ֆինանսավորում, որակի ապահովում: Հստակեցվում են մատուցվող ծառայությունների շրջանակը, վերանայվում են որակի չափանիշները:

Կադրային ներուժ: Վերանայվում են կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկերը, ներդրվում են լիցենզավորման պայմաններ: Վերանայվում է բուժաշխատողների վարձատրությունը` բոնուսային համակարգի գործարկմամբ:

Էլեկտրոնային առողջապահություն: Ինֆորմացիայի հավաքագրումը, կառավարումը և տվյալների վերլուծությունը կարևոր է որակյալ բուժօգնության տրամադրման և քաղաքականություն մշակման համար:

Հեռաբժշկության զարգացում` որպես հասանելիության ապահովման աջակցող գործիք

Մոբիլ խմբեր: Դրանք կձևավորվեն առաջնային օղակում, պարբերաբար շրջայցեր կկատարեն մարզային բնակավայրերում, ծառայություններ կմատուցեն և դրանով շտապօգնության ծանրաբեռնվածությունը կնվազի:

Նշված բոլոր ուղղություններով Անահիտ Ավանեսյանը կարևորել է Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդումը, ընդգծել նաև «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը:

Նմանատիպ նյութեր