211652_close_icon

Թագուհի Թովմասյանը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

views-count844 դիտում article-date 17:40 27-06-2023
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 27-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքէջը։

Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, կարեւորել արցախահայերի անվտանգության ապահովման ու ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը, հայտնել, որ Հայաստանը եւս ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման խնդիր ունի:

Մերլե Շպելերբերգը հատկապես հետաքրքրվել է, թե որքանո՞վ են մեր երկրում պաշտպանված կանանց, մարգինալ խմբերի, փոքրամասնությունների, բնապահպանության ոլորտում` մարդու իրավունքները:


Թագուհի Թովմասյանը պատասխանել է, որ կանայք թիրախավորված են Հայաստանում: Թեեւ օրենսդրությունը նախատեսում է պաշտպանել բոլորի իրավունքները, բայց ոչ միշտ են մարգինալ խմբերն իրենց իրավունքների խախտումների մասին հայտնում իրավապահներին:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ բաց հանքերի շահագործման խնդրին` նշելով, որ արտանետումները վնասակար ազդեցություն են ունենում քաղաքացիների առողջության վրա:

Մերլե Շպելերբերգն անդրադարձել է նաեւ Ստամբուլյան կոնվենցիային ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ ՀՀ ԱԺ-ն մինչ օրս այն չի վավերացրել:

Այս կապակցությամբ հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դեմ է արտահայտվել կոնվենցիայի ներածական մասին` անհնար դարձնելով դրա վավերացումը, քանի որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, եւ եկեղեցու հետ հակադրվելը հանրության կողմից չի կարող ընկալվել:

Հանդիպմանը բարձր է գնահատել  Ազգային ժողովի համագործակցությունը Գերմանիայի Բունդեսթագի հետ:

Նմանատիպ նյութեր