211652_close_icon
views-count907 դիտում article-date 15:49 23-06-2023

Այն վիճակը, որում հիմա Արցախը հայտնվել է, հայ ժողովրդի բարոյահոգեբանական ԴՆԹ-ի թեստն է․ Դավիթ Բաբայան․ Tert.am

Քանի տարի է՝ հայտարարում ենք, որ Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի, ոչինչ սպասել պետք չէ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որտեղ նշվում է, որ մերժել են Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ։

«Պարադոքս է, բայց այն, ինչ մեր գլխին գալիս է, մեղավորը մենք ենք, չպետք է որևէ մեկին դրսից փնտրել, քանի տարի է՝ մենք ասում ենք, ի՞նչ է պետք է Բայրամովն այդ մասին խոսի՞։ Այս մասին մենք տասնամյակներ առաջ ենք խոսել, սակայն հաշվի չի առնվել։ Հիմա Ադրբեջանը բացեիբաց ասում է, որ արցախցիների անվտանգությունը չի ապահովելու, որովհետև իրենց պետք չէ, որ Արցախում հայ մնա։ Իրենց պետք է, որ սակավաթիվ թվով հայ մնա Արցախում «կենդանաբանական այգու» պես, որպեսզի աշխարհին ցույց տան, որ իրենք ունենք «գազանանոց», և նրանց հաց ենք տալիս, կերակրում ենք և չենք սպանում։ Սա է Ադրբեջանի ուզածը։ Մի՞թե սա չեն հասկանում»,- վրդովվեց Բաբայանը։

Արցախում ստեղծված ծանր դրությունը հաղթահարելու համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու քայլ է առաջարկել. Լաչինի միջանցքը բացելու Միջազգային դատարանի որոշման կատարումը, ինչն Ադրբեջանը հրաժարվում է կատարել դեռ փետրվարից, և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որի շուրջ, սակայն, Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ համաձայնության չեն գալիս։
Արցախի ներկայացուցիչը նկատեց, որ Ադրբեջանը Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսությունը փորձում է դիտարկել որպես Ադրբեջանի ներքաղաքական հարց։

«Ինչի՞ մասին բանակցենք, կապիտուլյացիայի՞, ադրբեջանցի դառնալո՞ւ, մենք նման բանակցություններ չենք ուզում։ Հետևաբար, այն, ով մեզ խցկում է այդ երկխոսության մեջ, փորձում է Արցախը ոչնչացնել։ Պատմության մեջ չկա նման բան, որ մի ժողովուրդ կամավոր հրաժարվի իր ժողովրդի մի հատվածից կամ իր պատմական տարածքից։ Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը բավարարվելու է միայն Արցախի ոչնչացմա՞մբ, Զանգեզուրը չի՞ ուզելու, Երևանը չի՞ ուզելու, իհարկե, ուզելու է։ Եկեք փաթեթով ամեն ինչ որոշենք», - շարունակեց Բաբայանը։

Բայրամովը նաև ասել է, որ էթնիկ հայերը կարող են օգտագործել իրենց լեզուն և կրթվել, պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին:

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը հարց է բարձրացնում՝ այդ ինչպե՞ս են արցախցիներն Ադրբեջանի կազմում իրենց մշակույթը պահպանելու, երբ Բերձորում նույն ադրբեջանցիները հայկական եկեղեցին մզկիթի են վերածում։

Բաբայանի կարծիքով՝ Բաքուն ամեն ինչ անելու է, որ իրենք ինտեգրվեն, նման փորձեր արդեն սկսում է անել՝ տոտալ շրջափակելով Արցախը, որպեսզի բնակիչները սովի մատնվեն։ Բայց, պաշտոնական Ստեփանակերտից ևս մեկ անգամ պնում են՝ ինտեգրում չի լինելու։

«Դա ինտեգրում չի լինելու, լինելու է Արցախի բնաջնջում։ Ադրբեջանի հետ ինտեգրում չի լինելու, բայց հայ ժողովուրդը կարող է դեզինտեգրվել, այսինքն՝ կազմալուծվել, եթե Արցախը ծախվեց»,- նշեց նա։

Ըստ Դավիթ Բաբայանի՝ այն վիճակը, որում հիմա Արցախը հայտնվել է, հայ ժողովրդի բարոյահոգեբանական ԴՆԹ-ի թեստն է։

Նմանատիպ նյութեր