211652_close_icon

Լոնդոնը կշարունակի սառեցված պահել ռուսական ակտիվները, քանի դեռ Մոսկվան չի փոխհատուցել Ուկրաինային

views-count937 դիտում article-date 12:27 20-06-2023
Մեծ Բրիտանիայում ընդունվող օրենքի համաձայն, Լոնդոնն իրավունք կունենա պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Մոսկվան փոխհատուցում չի վճարել Ուկրաինային: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Նոր օրենքը բրիտանական կառավարությանը հնարավորություն կտա պահպանել սահմանված պատժամիջոցները՝ փոխելով այն խնդիրները, որոնք ենթադրաբար պետք է լուծվեն այդ պատժամիջոցների օգնությամբ։ Օրենքում նշված կլինի, որ պատժամիջոցները կիրառվելու են խրախուսելու փոխհատուցումների վճարումները։

«Քանի դեռ Ուկրաինան ռուսական ագրեսիայի զոհն է, Պուտինի սանձազերծած պատերազմի սարսափելի հետևանքները ակնհայտ են: Ուկրաինայի վերականգնման համնար պահանջվող միջոցները հսկայական են»,- նշել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին:

«Այսօր մենք նոր ուժ ենք հաղորդում պատժամիջոցների ուղղությամբ բրիտանական քաղաքականությանը` վերահաստատելով, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել, որպեսզի Ռուսաստանը վճարի այն երկրի վերականգնման համար, որի վրա հարձակվել է»,- հավելել է Քլևերլին:

Անցած տարի Ուկրաինա ռուսական զինուժի լայնամասշտաբ ներխուժումից հետո, Մեծ Բրիտանիան սառեցրել է ավելի քան 18 միլիարդ ֆունտի (23 միլիարդ դոլար) հասնող ռուսաստանյան ակտիվներ և պատժամիջոցներ է կիրառել ավելի քան 1550 ռուսաստանցիների, այդ թվում՝ «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ:

Բրիտանական կառավարությունը հավելել է՝ պատժամիջոցների ներքո գտնվող ռուսաստանցիները, ովքեր պնդում են, թե աջակցում են Ուկրաինային, այժմ կկարողանան իրենց սառեցված միջոցները նվիրաբերել Ուկրաինայի վերականգնմանը:

«Սա կամավոր գործընթաց կլինի, որի միջոցով պատժամիջոցների ենթարկված անձինք կկարողանան օգտագործել ֆինանսական միջոցները՝ աջակցելու Ուկրաինայի վերականգնմանը»,- ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:

«Անհատներին պատկանող դրամական միջոցները փոխանցելու որևէ պարտադրանք չի լինելու։ Բացառվելու է նաև նվիրատվության դիմաց պատժամիջոցները մեղմելու առաջարկը»,- ընդգծված է փաստաթղթում։

Նմանատիպ նյութեր