211652_close_icon
views-count62069 դիտում article-date 00:20 13-06-2023

Երևանում՝ «Վարդա մյուզիք հոլ»-ում, «Ճըվճըվ Արոյի» անուղղելի զավակների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել. կան վիրավորներ. նրանցից մեկը եղել է տնային կալանքում և իր վրա կրել է հատուկ սարք. կռվի մեկ մասնակից էլ ներկայացել է, որ ինքն ԱԱԾ-ից է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հունիսի 10-ին, հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող «Վարդա մյուզիք հոլում» վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ փոխադարձ հայհոյանքներ են հնչեցնում և փոխադարձ հարվածներ հասցնում:

Նույն օրը, ժամը 03:45-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «Վարդա մյուզիք հոլ»-ից և նա 32-ամյա Թորգոմ Դարչինյանն է: 

Կարճ ժամանակ անց, այս անգամ «Հերացու անվան թիվ 1 համալսարանական» հիվանդանոցից է ահազանգ ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից հայտնում են, որ շտապօգնության ավտոմեքենայով «գուվ, ճակատի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի: 

Հիվանդանոց է մեկնում ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպարտիվ գծով տեղակալ Վ. Թադևոսյանի գլխավորությամբ: 

Ոստիկանները պարզում են, որ վիրավորը նույնպես նշված վայրից է տեղափոխվել հիվանդանոց և նա Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Ղևոնդյանն է: 

Մինչ բժիշկները վիրավորներին բուժօգնույթուն էին ցուցաբերում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են, որ նույն օրը, ժամը 02:00-ի սահմաններում, «Վարդա մյուզիք հոլում» Ա. Ղևոնդյանը, Երևանի բնակիչներ 29-ամյա Էդուարդ Մելիքյանը, 37-ամյա Տիգրան Սողոմոնյանը, Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Թորգոմ Դարչինյանը, Երևանի բնակիչներ 28-ամյա Վոլոդյա Մուդիրյանը, ՀՀ Արդարադատության նախարարության քրեկատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Վարդանյանը, ՀՀ Արդարադատության նախարարության քրեկատարողական ծառայության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկում հաշվառված Սերժ Վարդանյանը (վերջիններ հարազատ եղբայրներ են և հանրության ավելի շատ հայտնի քրեական պատմություններով հայտնի «Ճըվճըվ Արոյի» որդիներն են), բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խախտել են հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիճաբանել են միմյանց հետ, ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև սեղանի վրա գտնվող առարկաներով փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները նշված ակումիբից խուլիգնաություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Ա. Ղևոնդյանին, Տ. Սողոմոնյանին և Է. Մելիքյանին: Խուզարկությամբ Տ. Սողոմոնյանի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Ճըվճըվ Արոյի» որդիներից մեկը դատարանի որոշմամբ եղել է տնային կալանքում, սակայն զարմանալի է, որ նրա վրա եղել է հատուկ սարք, սակայն նա խախտել է օրենքը: Սարքը գործելու դեպքում Պրոբացիոն ծառայությունում  պետք է տեղեկացված լինեին: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիճաբանության մասնակիցների մեջ է եղել նաև պետական պաշտոնյա, ով երբ տեսել է որ մթնոլորտը շիկանում է, ներկայացել է, որ իբրև թե ինքն աշխատում է ԱԱԾ-ում:

Այսօր՝ հունիսի 13-ին, Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ահազանգող քաղաքացին, ով հայտնել էր, թե վիճաբանության վայրում են եղել «Ճվճվ Արոյի» որդիները՝ Սարգիս և Սերժ Վարդանյանները, ստել է։ Պարզվել է նաև, որ ահազանգ տված քաղաքացու հետ է միջադեպը տեղի ունեցել, և նա, չգիտես ինչու՝ հայտնել է, որ կռվի մասնակիցների մեջ նաև Ճվճվ Արոյի որդիներն են։

Ոստիկանները նաև հայտնաբերել են տեսախցիկի արձանագրած կադրեր, որոնցով հերքվում են այդ քաղաքացու կողմից վերջիններիս մասին հայտնած տեղեկությոնները։ Եվ չի բացառվում՝ նրան նաև մեղադրանք առաջադրվի սուտ մատնություն տալու համար։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր