211652_close_icon
views-count685 դիտում article-date 20:49 09-06-2023

Արցախն Ադրբեջանի ենթակայությունում դնելն էթնիկ զտման վտանգ է հայկական տարածքի համար․ Վոքիեն՝ Արցախի ԱԳ նախարարին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը գրություն է ստացել Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեից:
 
«Արցախպրես»-ի հաղորդմամբ գրության մեջ մասնավորապես նշված է. «Շատ կարեւոր է իրազեկել Հայաստանի սահմանին տեղի ունեցողի մասին՝ թույլ չտալու համար, որ նման կործանարար իրավիճակ հաստատվի։ Սա անձամբ իմ հանձնառությունն է՝ որպես Հայաստանի եւ Արցախի բարեկամի, կամքը՝ որպես Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի, ինչպես նաեւ պարտքը՝ որպես ազատության, ինքնիշխանության եւ համերաշխության արժեքներին հավատարիմ Ֆրանսիայի Հանրապետության ընտրված ներկայացուցչի»։
 
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Օվերն- Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն բաց նամակով դիմել էր Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնին, որում ներկայացրել է ՀՀ կատարած այցի ընթացքում ՀՀ սահմանագծին եւ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ միջանցքի ապօրինի փակ լինելու պատճառով արցախահայությանը սպառնացող վտանգները։
 
Նամակում Վոքիեն մասնավորապես գրել է.
 
«․․․Ես կարողացա զգալ այն ծայրահեղ բռնությունը, որով փորձ է արվում շնչահեղձ անել մի ժողովրդի՝ ստիպելով նրան լքել իր պապենական հողը: Միեւնույն ժամանակ կարողացա տեսնել այս բնակչության կապվածությունն իր հողին եւ մեր գործելու կարողության հանդեպ նրա հավատը: Սակայն այսօր մի հայտարարությամբ կարծես թե արդեն կանխորոշվել է նրանց ճակատագիրը: Խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ Արցախը թշնամի Ադրբեջանի ենթակայության տակ դնելու հեռանկարն էթնիկ զտման վտանգ է ներկայացնում հայկական այս տարածքի համար։ 
 
Ուզում եմ խոսել այն մարդկանց անունից, ովքեր այսօր իրենց լքված են զգում եւ կոչ են անում Ֆրանսիային՝ իր կշիռը օգտագործել եվրոպական եւ միջազգային ասպարեզում արցախահայության ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Միանում եմ իրենց կոչին եւ, հետեւաբար, հանդիսավոր կերպով խնդրում եմ, որ Ֆրանսիան ամեն ինչ անի, որպեսզի հարգվեն Արցախի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները, այդ թվում՝ պաշտպանվելու իրավունքը»։

Նմանատիպ նյութեր