211652_close_icon
views-count514 դիտում article-date 13:51 02-06-2023

Կոսովոյի վարչապետը մունիցիպալիտետների ղեկավարների նոր ընտրություններ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին պատրաստակամություն է հայտնել մի քանի ամսից անցկացնել մունիցիպալիտետների ղեկավարների նոր ընտրություններ։

«Ես շատ լավ հասկանում եմ, որ այս քաղաքապետները չեն ստացել բնակչության հավանությունը: Ես պատրաստ եմ նոր ընտրություններ նշանակել մի քանի ամսից: Ապաէսկալացիայի հասնելու համար… ես պատրաստ եմ շարունակել փոխադարձ ճանաչման ուղին այն պայմանագրին համապատասխան, որն անցյալ տարվա փետրվարին ստորագրել եմ (խմբ.՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր) Վուչիչի հետ։ Այնուհետև կլինեն նոր ընտրություններ։ Իսկ երբ այլևս ոչ մի սպառնալիք չլինի, ես փողոցներից կհեռացնեմ Կոսովոյի ռազմական ոստիկանությունը, ինչպես շատերն են ինձ խնդրում: Սա ճանապարհային քարտեզ է, որը ես առաջարկում եմ բոլորին՝ հանուն խաղաղության», - ասել է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Ֆրանսիայի ղեկավարդ Էմանուել Մակրոնը Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում նոր մունիցիպալ ընտրություններ անցկացնել Կոսովոյի հյուսիսի չորս շրջաններում:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Կոսովոյի հյուսիսում բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով վիրավորվել էր ՆԱՏՕ-ի 30-ից ավելի խաղաղապահ: Իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ ալբանացի քաղաքապետները ստանձնել են իրենց պաշտոնները մի շարք մունիցիպալիտետներում, որտեղ բնակչության մեծամասնությունը սերբեր են: Սերբերն ապրիլին բոյկոտել էին ընտրությունները։

Հիշեցնենք, Կոսովոյում լարվածության պատճառով ՆԱՏՕ-ն 700 զինծառայողից կազմված լրացուցիչ խաղաղապահ ուժեր է ուղարկել տարածաշրջան:

Նմանատիպ նյութեր