211652_close_icon
views-count17273 դիտում article-date 12:31 29-05-2023

Երևանում ԱԱԾ աշխատակիցը, լինելով ոչ սթափ, Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Ա․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 41-ամյա Հովհաննես Խ․-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վրաերթի վայրի հարևանությամբ աշխատող ավտովերանորոգման կետի աշխատակիցներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Մխիթարյանն ու կրտսեր պարեկ Գրիգոր Սարգսյանը։ 

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է Ազգային անվտանգության ծառայությունում, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած)։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր