211652_close_icon
views-count610 դիտում article-date 14:13 21-05-2023

Հիրոսիմայում ավարտվել են G7-ի աշխատանքային բոլոր հանդիպումները

G7-ի և Հիրոսիմայի գագաթնաժողովին հրավիրված երկրների առաջնորդներն այսօր՝ մայիսի 21-ին, ավարտել են աշխատանքային օրակարգով նախատեսված բոլոր նիստերը։ Այդ մասին հայտարարել են գագաթնաժողովի կազմակերպիչները, փոխանցում է infoport-ը:

Երեք օրերի ընթացքում նրանք ունեցել են 10 նիստ, որի շրջանակներում քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը, Չինաստանի հետ հարաբերությունները, համաշխարհային տնտեսության խնդիրները, միջուկային զինաթափումը, Գլոբալ հարավի հետ հարաբերությունները, հարաբերությունները G7-ին չանդամակցող երկրների հետ ու այլ հարցեր։ 

Մայիսի 20-ին G7-ի գագաթնաժողովի աշխատանքներին միացել էին Ավստրալիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կուկի կղզիների, Կոմորյան կղզիների միության, Հարավային Կորեայի առաջնորդները։ Բացի այդ, Ճապոնիա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի մասնակցել է ուկրաինական հիմնախնդրի վերաբերյալ երկու նիստի, այդ թվում՝ ընդլայնված կազմով, որին մասնակցում էին նաև հրավիրված երկրների առաջնորդները։

Զելենսկու մասնակցությամբ առաջին նիստին G7-ի առաջնորդները հերթական անգամ հաստատել են, որ «կշարունակեն իրենց պատրաստակամությունը՝ դիվանագիտական, ֆինանսական, մարդասիրական և ռազմական օգնություն ցուցաբերելու Ուկրաինային»։ Ճապոնական արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ ի սկզբանե Ուկրաինայի նախագահը գագաթնաժողովի աշխատանքներին պետք է միանար առցանց ձևաչափով։ Այդպիսի պայմանավորվածություն ձեռք էր բերվել մարտին Կիև Ֆումիո Կիսիդայի այցի ժամանակ։ 

Այս տարի G7-ում նախագահում է Ճապոնիան, իսկ երկրների առաջնորդների գագաթնաժողովը մայիսի 19-21-ն ընթանում էր Հիրոսիմայում։ Այս քաղաքը 1945 թվականի օգոստոսի 6-ին դարձել էր ամերիկյան ատոմային հարձակման թիրախ։ Ջո Բայդենը դարձել է ամերիկյան երկրորդ նախագահը, որն այցելել է Հիրոսիմա։ Սակայն, ինչպես և Բարաք Օբաման, որն այստեղ էր եղել 2016 թվականին, Բայդենը ներողություն չի խնդրել ատոմային ռմբակոծման համար։

Նմանատիպ նյութեր