211652_close_icon
views-count940 դիտում article-date 14:51 16-05-2023

Փաստաբան Լևոն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. «Փաստինֆո»

Փաստաբան Լևոն Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, նախաձեռնված քրեական վարույթը՝ կարճվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քննիչը գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Դատախազություն՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, սակայն վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի հիման վրա։

Նշենք, որ ՀՀ ՔՕ 81-րդ հոդվածի համաձայն՝ եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ոստիկանությունը հայտնել էր, որ ժամը 01.25-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի աավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը 40.000 դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին։

Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք տալու հատկանիշներով, որը քննչական ենթակայությամբ փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր