211652_close_icon
views-count952 դիտում article-date 20:52 15-05-2023

ԱԺ հանձնաժողովը հավանության է արժանացրել պարեկային ծառայության ջրային մասնագիտացված ստորաբաժանում ունենալու օրինագիծը

Անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ են ստեղծվում Գեղարքունիքի պարեկային ծառայության կազմում ջրային մասնագիտացված ստորաբաժանում ունենալու համար, որը կկարողանա Սեւանա լճի մակերեւույթին և առափնյա հատվածում իրականացնել նոր, ավելի բարձր պատրաստվածություն ունեցող ծառայություն․ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյան
Մայիսի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը։

«Օրենքի նախագծով ամրագրվում են լողամիջոցների շահագործման ներկայացվող օրենսդրական պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու ոստիկանության իրավունքները: Նախարարի տեղակալը նշել է, որ հսկողությունն իրականացնելիս պետք է լինի հանցագործության կամ վարչական իրավախախտման կանխման կամ բացահայտման նպատակ, կամ ոստիկանությունը կկարողանա այդ իրավունքներն իրացնել վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Կարգավորումներով ոստիկանության ներկայացուցիչը կարող է նաեւ սթափության վիճակի զննություն իրականացնել, մեկուսացնել ոչ սթափ վիճակում լողամիջոցը վարող անձին, ստուգել հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար, ինչպես նաեւ տիրապետողի կամ քաղաքացիների ներկայությամբ զննել լողամիջոցը:

ՆԳ նախարարի տեղակալը նշել է, որ կատարելագործվում է ենթաօրենսդրական դաշտը` պարեկային ծառայողներին գործուն մեխանիզմներ ապահովելու համար և տեղեկացրել, որ ջրային պարեկային ծառայության պաշտոնական մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբեր ամսին:

Ըստ փոխնախարարի` նախատեսվում է ջրային պարեկային ծառայության համար ունենալ վաշտի կարգավիճակով 95 հաստիքային միավորով կառուցվածքային միավոր Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կազմում: 4 հենակետեր կսպասարկեն Սեւանա լճի մակերեւույթը եւ առափնյա հատվածը: «Ամռան ընթացքում դիմորդները կկարողանան պրակտիկա անցնել Սեւանա լճի տարածքում, քանի որ սա ենթադրում է ավելի վտանգավոր ծառայություն, ավելի բարձր պատրաստվածություն, հետեւապես ցամաքային հատվածում որոշակի փորձառություն ունեցող պարեկները պետք է կարողանան լրացուցիչ վերապատրաստման միջոցով ընդգրկվել այս խումբ ծառայության իրականացմանը»,- ասել է նախարարի տեղակալը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հարակից զեկույցում նշել է, որ հասարակական կարգի ապահովումը շատ կարեւոր է իրականացնել նաեւ ջրային մակերեւույթի վրա: «Այս ստորաբաժանման ստեղծման հետ նաեւ կուժեղանա հսկողությունն ափամերձ տարածքներում, ավելի արդյունավետ կդառնա փրկարար ծառայության աշխատանքը եւ մի շարք խնդիրներ հասարակական կարգի անվտանգության հետ կապված կլուծվեն ավելի բարձր մակարդակով»,- ասել է նա:
Նրա խոսքով նախագծի ընդունումը կնպաստի ոչ միայն ձկնագողության, այլ նաեւ հանցագործությունների կանխարգելմանը: «Ոստիկանության բաժիններում այսօր առկա ուժերն օբյեկտիվորեն չեն բավարարում, որպեսզի ամբողջ ավազանի տարածքում իրականացվի հսկողություն»,- հավելել է պատգամավորը:

Հանձնաժողովը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը եւ կողմ քվեարկել լիագումար նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր