211652_close_icon
views-count23463 դիտում article-date 17:46 15-05-2023

Ավտովթար Երևանում․ հավաքվածներն ասում էին՝ «ռուս-վրացական բախում է տեղի ունեցել»․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Կորյունի փողոցում բախվել են ՌԴ քաղաքացի 39-ամյա Վալերիկ Ա․-ի վարած Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Արման Գ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գրիգոր Դավթյանն ու Հայկ Սուքիասյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, տեսնելով իրար բախված ավտոմեքենաների ռուսական և վրացական համարանիշները, ասում էին՝ լավ է, որ վթարի հետևանքով մարդիկ չէին տուժել, բայց դե վթարն էլ կարելի է անվանել՝ «ռուս-վրացական բախում»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր