211652_close_icon
views-count739 դիտում article-date 17:12 12-05-2023

Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը միտված է խաթարելու կայունություն հաստատելու միջազգային ջանքերը. ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Ադրբեջանի հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» խորագիրը կրող ընթացիկ հարցը: Հայտնում է ԱԳՆ-ն։

ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմն ունի վիրավորներ:

ՀՀ առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը միտված է ամբողջությամբ խաթարել Հարավային Կովկասում կայունություն հաստատելու միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերը և նպատակ ունի զրոյացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Այս ապօրինի գործողությունը նաև Բրյուսելում և Մոսկվայում առաջիկայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է:

Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ Ադրբեջանը նաև նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման, դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի, անցակետի ապօրինի տեղադրման և ԿԽՄԿ-ի գործունեության խափանման փաստերից, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։

Դեսպանն ընդգծել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի իր ջանքերը՝ ուղղված հակամարտության կայուն կարգավորմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար:

Նմանատիպ նյութեր