211652_close_icon
views-count844 դիտում article-date 17:04 14-04-2023

Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասն են. Հակոբ Արշակյան

Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասն են: Այս մասին յսօր՝ ապրիլի 14-ին, Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Վալերիու Քիվերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հայտնում է ԱԺ-ն։ 

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը և խմբի անդամ Վիգեն Խաչատրյանը:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վալերիու Քիվերին դեսպան նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի հայ-մոլդովական հարաբերությունների զարգացմանը:

Խոսելով միջխորհրդարանական համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարևորել է բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:

Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններին` ԱԺ փոխնախագահն ընդգծել է Քիշնևի հայկական երկու եկեղեցիների, կիրակնօրյա դպրոցի և Մոլդովայում ապրող և ստեղծագործող տասներկու հազարանոց հայ համայնքի առկայությունը:

Հակոբ Արշակյանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին:

«Ցավոք, Լաչինի միջանցքում իրավիճակը մնում է նույնը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է հնարավորինս շուտ վերականգնվի: Լաչինի միջանցքի արգելափակումը միջազգային իրավունքի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է և էքզիստենցիալ սպառնալիք Լեռնային Ղարաբաղի հայերի համար»,- նշել է ԱԺ փոխնախագահը և հավելել, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինի տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ապրիլի 11-ին սադրանք են իրականացրել և կրակ բացել Հայաստանի ԶՈՒ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Նշվել է, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների և պաշտպանել մեր ինքնիշխան տարածքը: Հակոբ Արշակյանը նշել է, որ հայ զինծառայողների թվում կա չորս զոհ և վեց վիրավոր:

«Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասն են, որի նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելու միջնորդ գործընկերների ջանքերը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը և կոչ արել միջազգային հանրությանը` ներառյալ բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ և խաղաղությամբ, նպատակաուղղված և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ և կանխել իրավիճակի հետագա սրումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշել է, որ տեղեկացված է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակի մասին: «Այս պահին աշխարհի ուշադրության առանցքում Ուկրաինան է, սակայն չպետք է անտեսել նաև այս տարածաշրջանում առկա իրավիճակը»,- ընդգծել է Վալերիու Քիվերին: Նա ևս կարևորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը` նշելով, որ տարբեր ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ:

Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը և խմբի անդամ Վիգեն Խաչատրյանն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջև արդյունավետ և սերտ համագործակցության կարևորությանը:

Նմանատիպ նյութեր