211652_close_icon
views-count796 դիտում article-date 13:54 06-05-2023

Լոռու մարզում անտառապետի և անտառապահի առերևույթ անփութության պատճառով ապօրինի կերպով 2000-ից ավելի ծառ է հատվել․ նրանց մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչա­կան կո­մի­տեի Լո­ռու մար­զա­յին քննչա­կան վար­չութ­յան Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են պաշտոնեական անփութության հետևանքով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարածքում 2000-ից ավելի ծառերի ապօրինի հատման դեպքի էական հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 42-ամյա բնակիչը, 2019թ․ նոյեմբերի 15-ից մինչև 2020 թվականի մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում  զբաղեցրել է Գյուլագարակի անտառպետության անտառապետի, իսկ 2020թ․ մարտի 16-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ նույն անտառպետության պահաբաժիններից մեկի անտառապահի, իսկ նույն մարզի 35-ամյա բնակիչը՝ նույն պահաբաժնի անտառապահի պաշտոնը։ Հանդիսանալով պաշտոնատար անձինք, նրանք պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես, նրանք իրենց լիազորությունների շրջանակում, պատշաճ չեն ապահովել  հիշյալ պահաբաժնում անտառի պահպանությունը, անտառապետը հիշյալ պահաբաժնի 35-ամյա անտառապահի գործունեության նկատմամբ պատշաճ ղեկավարում և հսկողություն չի սահմանել, ապօրինի անտառհատումները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չեն կիրառվել, պահաբաժնի տարածքը պատշաճ չեն վերահսկել, այնտեղ տևական ժամանակ շրջայցեր չեն կատարել։  Արդյունքում ինքնությունը չպարզված անձը (անձինք), օգտվելով անտառում հսկողության բացակայությունից, 2019թ․ նոյեմբերի 15-ից մինչև 2020թ․ մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ պահաբաժնի տարբեր անտառամասերից ապօրինի հատել են ընդհանուր 2036 ծառ։  Պետության իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 55.914.000 ՀՀ դրամի վնաս:  

Նշված անտառխախտումները հայտնաբերվել ու արձանագրվել են  պահաբաժնում 2020թ․ մայիսի 15-ից սկսած տարբեր ժամանակահատվածներում կատարված ստուգումների արդյունքում:

Բացի այդ, իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելու, պարտականությունները պատշաճ չկատարելը քողարկելու, ինչպես նաև ծառերի ապօրինի հատման արդյունքում պատճառված վնասը չհատուցելու շահագրգռվածությունից ելնելով՝ նշված անձինք կազմել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ «տեղեկատվություն շաբաթական շրջայցերի վերաբերյալ» տեղեկատվություն, որտեղ ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ 2020թ․ մարտի 25-ին և ապրիլի 7-ին հիշյալ պահաբաժնի տարբեր տեղամասերում շրջայցեր իրականացնելու և դրանց ժամանակ ապօրինի ծառահատումներ կամ այլ խախտումներ չհայտնաբերելու մասին։ Բովանդակությամբ կեղծ այդ տեղեկանքը նրանք հանձնել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության անտառապետին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրանց նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգր­քի 315-րդ հոդվածի 2-րդ մասով /հա­մա­պա­տաս­խա­նում է ՀՀ գործող քրեա­կան օ­րենսգր­քի 446-րդ հոդվածի 2-րդ մասին/ (պաշտոնեական անփութությունը, որն առաջացրել է ծանր հետևանք) և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասին/ (պաշտոնեական կեղծիքը) հարւցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանց ներկայացվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։  

Նախաքննությունը շարունակվում է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում նաև օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով պետությանը պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր