211652_close_icon
views-count43006 դիտում article-date 10:43 02-05-2023

Գազի արտահոսքից պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Աբովյան քաղաքի շենքերից մեկում․ կան վիրավորներ․ ժամանել է Աբովյանի քաղաքապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Չափիչի» 1-ին հանրակացարանային համալիրի 3-րդ հարկի սենյակներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առաջացել է փլուզում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Տեղում պարզվել է, որ ոչ թե գազաբալոնն է պայթել, այլ պայթյունը տեղի է ունեցել արտահոսած ու կուտակված գազից։ Փլուզվել է 54-րդ բնակարանի հյուրասենյակի պատը՝ մոտ 10 ք/մ մակերեսով, ինչի հետևանքով էլ բնակիչներ՝ 59-ամյա  Տատյանա Ավագյանն ու 51-ամյա Կարինե Օսիպյանը օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևան, Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գազաբալոնը, այն հեռացրել բնակարանից։ Տեղազննման արդյուքնում, ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է՝ շենքի հենասյուներին և այլ պատերին ճաքեր չեն հայտնաբերվել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Դեպքի մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի և քննիչ Պետրոս Հակոբյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայր են ժամանել են նաև Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, քաղաքապետի 1-ին տեղակալ Դավիթ Զարոյանը և քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր