211652_close_icon
views-count68754 դիտում article-date 20:42 22-04-2023

Երևանում պարեկը ծառայողական ավտոմեքենայով բախվել է կին վարորդի Suzuki-ին, ապա դիմել փախուստի, մինչ այդ էլ չարամտորեն խախտել է երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Երբ ստեղծվում էր պարեկային ծառայությունը, պաշտոնյաները հանրությանը ասում էին, որ քաղաքացիները կարճ ժամանակում կզգան, թե ինչպիսի օրինապահ կառույց է պարեկային ծառայությունը և պարեկներն էլ երբևէ օրինախախտումներ չեն կատարի։

Այն որ պարեկային ծառայության ստեղծումից հետո այդ ամենը հաստատվել է և քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գոհ է պարեկային ծառայության աշխատանքից, բացառությամբ որոշ դեպքերի, դա գաղտնիք չէ։ Ցավոք, կան պարեկներ, ովքեր իրենց հակաօրինական գործողություններով սև գիծ են քաշում պարեկային ծառայության վրա, ինչի վառ ապացույցը այսօր Երևանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի պարեկ Գրիգոր Սիմոնյանի կողմից կատարված «հաբռգածության» դեպքն է։

Սույն մեծն պարեկը ժամը 17:30-ի սահմաններում Նուբարաշենի խճուղի 16 հասցեի մոտ, ժողովրդին հայտնի Ծաղկի փողոցում, ծառայողական ավտոմեքենայով բախվել է կին վարորդի Suzuki մակնիշի ավտոմեքենային ու անգամ չի բարեհաճել կանգնել ու քշել, «Սասունցի Դավիթ» էպոսի Ցռան Վերգոյի նման հեռացել է։

Կին վարորդն ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և այդ մասին տեղեկացրել։

Այսօր սույն հերոս պարեկը նաև չարամտորեն կատարել է ճանապարահային երթևեկության կանոնների կոպիտ խախտում։

Շինարարներ-Աբելյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում ծառայողական ավտոմեքենայով դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և անգամ անցնում կարմիր լույսի տակով։

Այսքանից հետո ոնց չասես, որ սրա նմանները խայտառակում են պարեկային ծառայությունն ու այս տեսակ պարեկներին, ինչպես կասեր նախկին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարանը, պետք է համազգեստի միջից հանել ու դուրս նետել։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է նա չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և անցնում կարմիր լույսի տակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր