211652_close_icon
views-count1771 դիտում article-date 10:44 11-04-2023

Չարությունը հետևանք է, պատճառն ունայնությունն է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անցած կիրակի Սուրբ Հարության տոնի առթիվ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ շնորհավորանքով, որտեղ մեջբերում էր Դավթի թիվ 139 սաղմոսը: Իսրայելի թագավորն այդ սաղմոսում խնդրում է Աստծո օգնությունը՝ պաշտպանվելու համար չար մարդկանցից, որոնք իր դեմ որոգայթներ են լարում:

Ինչ խոսք, տարօրինակ է չարության դեմ քարոզը (թեկուզ ոչ հեղինակային) այն ղեկավարի կողմից, որի ներկայացուցիչներն ու կողմնակիցներն ամեն օր եւ ամեն րոպե չարություն, ատելություն եւ թշնամանք են սփռում, մարդկանց լարում են իրար դեմ՝ արթնացնելով ամենաստորին բնազդները: Գրեթե 5 տարի մարդիկ վհուկներ (այլ վարկածով՝ սատանաներ) են որսում, «5-րդ շարասյուններ» բացահայտում, գրեթե ամեն օր ագրեսիվ հարձակումներ են գործում իրենց ընդդիմախոսների վրա, եւ հանկարծ պարզվում է, որ նրանք դժգոհ են չարությունից:

Հանուն արդարության ասենք, որ մեր հասարակական կյանքը վերջին 30 տարիների ընթացքում ընդհանրապես աչքի չի ընկել աստվածաշնչյան արժեքների պահպանմամբ: Բայց հատկապես վերջին տասնամյակում է մարդկանց մեջ սերմանվել ծայրահեղ անհանդուրժողականությունը՝ դա արվում է հրապարակային ելույթներով ու վարքով, ինչպես նաեւ ֆեյքերի ֆաբրիկաների միջոցով: Այդ քարոզչությունը տվել է իր արդյունքները՝ 2018 թվականին տեղի ունեցավ իշխանափոխություն, եւ անգամ պարտության ազգային նվաստացումից հետո իշխանությունը մնում է նույնը՝ հենց այն չարության շնորհիվ, որը «վառ է պահվում» պաշտոնական քարոզչության ջանքերով:

Բայց չարությունը հետեւանք է, խորքային պատճառն ունայնությունն է (լատիներեն՝ vanitas): (Հիշո՞ւմ եք, Թոմաս Էլիոթը գրում էր սնամեջ մարդկանց մասին): Բայց ավելի լավ է մեջբերում անեմ նույն Աստվածաշնչից. «Արդ, այս բանն եմ ասում եւ վկայում Տիրոջով. դուք այլեւս չընթանաք այնպես, ինչպես որ այլ հեթանոսներն են ընթանում իրենց մտքի ունայնությամբ. նրանց մտքերը մթագնած են, եւ իրենք օտարված են Աստծո կյանքից՝ իրենց մեջ եղած տգիտության պատճառով, որն իրենց սրտի կուրության հետեւանքն է» (Եփեսացիներին, 4:17,18):

Տրամաբանական շղթան այսպիսով ակնհայտ է՝ ունայնություն (այսինքն՝ մեծ հաշվով անիմաստ, դատարկ բաների հետեւից ընկնելը) - տգիտություն - սրտի կուրություն: Ի՞նչ է սա, եթե ոչ չարության հիմքը: Դա նաեւ ներկայիս իշխանության քաղաքականության հոգեբանական հիմքն է: Այդ քաղաքականությունը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե հասարակությունը չապրեր ունայն արժեքներով»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր