211652_close_icon
views-count12495 դիտում article-date 10:17 10-04-2023

Ինչպես հայտնի խորհրդային «Անառակ թութակի վերադարձը» մուլտֆիլմում էր՝ «Թաիթի՜-Թաիթի՜, մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում»․ պետությանը վնաս հասցնողի «վոյաժները» Եվրոպայում․ կադաստրային իրականություն

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, որն իբր թե բարեփոխումներ է կատարում իր գլխավորած համակարգում՝ անընդմեջ լուսանկարներ հրապարակելով ու զբաղվելով ինքնագովազդով, իրականում իր կամայական, ապօրինի որոշումներով շարունակում է մեծ վնաս հասցնել պետությանը։ 

Վերջինս, ինչպես բազմիցս անդրադարձել ենք, երկու շինծու  խիստ նկատողությամբ աշխատանքից ազատել էր տվել  կադաստրի կոմիտեի  Շիրակի մարզի ստորաբաժանման արխիվի երկարամյա պետ Անահիտ Արևշատյանին՝ որպես գործիք  օգտագործելով աշխատակազմից ոմանց՝ սկսած ամենաբարձր օղակից՝ գլխավոր քարտուղարից մինչև ամենացածր օղակ, անգամ հավաքարարին ու պայմանագրային օպերատորներին։ 

Նրա տված խիստ նկատողությունը, սակայն,  առ ոչինչ են  համարել  երկու դատական ատյաններ՝  
ՀՀ վարչական դատարանի Շիրակի  նստավայրը, իսկ օրերս նաև՝ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը։ 
 
Վերաքննիչ վարչական դատարանը գտել է, որ  Անահիտ Արևշատյանի նկատմամբ 05․01․2022թ. «Կարգապահական տույժ նշանակելու մասին» թիվ 144-Ա որոշմամբ կիրառվել է խիստ կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն՝ առանց որևէ հիմնավորման: 

Դատարանը փաստել է․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.
բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.
գ) շահերի բախման իրավիճակում:

Թիվ ՎԴ5/0034/05/22 վարչական գործով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել` ՀՀ վարչական դատարանի 12.04.2022թ. վճիռը թողնելով անփոփոխ», ասված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ (հղումը այստեղ՝ http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809970232)»։

ՀՀ վարչական դատարանի Շիրակի մարզի նստավայրը կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի որոշումը ճանաչել էր անվավեր՝ փաստելով․ «Այսպիսով` դատարանն, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի 05.01.2022 թվականի թիվ 144-Ա որոշումն ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման»։ 

Զավեշտալին այն է, որ կադաստրի կոմիտեն, վարչական դատարանի Շիրակի մարզի նստավայրի վճիռը բողոքարկելով ու դիմելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, որպես բողոքի հիմք ներկայացրել էր մանկամտության աստիճանի բանսարկություններ՝ կազմակերպված արխիվի բաժնի նախկին օպերատոր, ՔՊ-ական Անժելա Մ. Մաթոսյանի կողմից, որն այժմ աշխատանքի է անցել Շիրակի մարզպետարանում։  Վերջինս, թեև Շիրակի մարզպետարանում աշխատանքի է ընդունվել  որպես կրտսեր մասնագետ, սակայն իրականում կատարում է մարզպետի օգնականի պարտականությունները՝ հույս ունենալով, որ ավարտական դիպլոմ ունենալուն պես՝ կնշանակվի օգնական։ Այսինքն՝ նրա համար հաստիք են ռեզերվ արել Շիրակի մարզպետարանում։ 

Իսկ հայցադիմումը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին, որով ըստ էության խայտառակվեց կադաստրի կոմիտեն, ոչ ավել, ոչ պակաս ներկայացրել էր Հակակառուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանը, ով ժամանակին զբաղեցրել էր կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Հիմա էր կադաստրի կոմիտեն դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ ամենայն հավանականությամբ ժամանակ շահելու նպատակով։  

Նկատենք, որ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի՝ այս տարվա  մարտի 6-ին կայացրած որոշումն ապտակ է նաև ՀՀ քաղծառայության խորհրդին, որը քաջատեղյակ լինելով խնդրի մասին, թույլ էր տվել քաղծառայողի ապօրինի ազատումը։  Ակնհայտ է՝ ՀՀ-ում քաղծառայողն ամենևին էլ պաշտպանված չէ, քաղծառայության խորհուրդն էլ  վերածվել է պետական բյուջեից սնվող, իրականում ոչինչ չանող, պարապուրդի մատնված անիմաստ կառույցի։ 

Հիշեցնենք, որ կադաստրի կոմիտեի ղեկավարի գլխավորությամբ  Շիրակի մարզի ստորաբաժանման թվով 18  աշխատակիցների անունից, այդ թվում հավաքարարի ու նրա դստեր, բողոք էր կազմակերպվել Շիրակ մարզային ստորաբաժանման ղեկավարի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, արխիվի բաժնի նախկին պետ Անահիտ Արևշատյանի դեմ, ինչը  ենթադրաբար խմբակային հանցագործություն էր։ Եվ երբ Ա․ Արևշատյանը փորձել էր հարցի պարզաբանման համար իրավիճակը գրավոր ներկայացնել քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավարի ժ/պ Վաչե Քալաշյանին, պարզվել էր, որ ապարդյուն ժամանակ է ծախսել, և որ այս մարմինը ընդամենը պետական բյուջեի փողերը վատնող մի կառույց է: 

Ըստ էության համաձայնության գալով  քաղծառայության խորհրդի հետ՝ կադաստրի կոմիտեն առանց էթիկայի հանձնաժողովի ձևավորման, օրենքն արհամարհելով՝  իրեն իրավունք էր վերապահել  իր իսկ կողմից կազմակերպված ծառայողական քննությամբ քննելու քաղաքացիական ծառայողի էթիկան, որը որպես ի գիտություն էր ընդունվել քաղ. ծառայության խորհրդի կողմից։ Եվ այս կառուցը բավականաչափ մեծ գումար է ստացել Եվրամիությունից իբր թե քաղծառայության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ 

Ու չնայած մամուլը մեկ տարուց ավելի է՝ ինչ անդրադառնում է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի գլխավորությամբ կազմակերպվող իրավախախտումներին, սակայն ապարդյուն, քանի որ Հայաստանում գործող ո՛չ իրավապահ համակարգը, և ո՛չ էլ կառավարությունը թույլ  չեն տալիս իրենց փոքր-ինչ խախտելու պարոն Թովմասյանի հանգիստը՝ նրան լիարժեք հնարավորություն տալով «դուխով գործելու»՝ ոտնահարելու ՀՀ օրենքները։ 

Մտահոգիչն այն է,  որ նա իր ապօրինություններին մասնակից է դարձրել մի ամբողջ աշխատակազմի․ օրինակ՝ Ա․ Արևշատյանի նկատմամբ կադաստրի կոմիտեում կազմակերպված  այս շիլաշփոթի մեջ ընդգրկված են  եղել գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը, նրա տեղակալը՝ բոլոր ժամանակների  «ամենապահանջված խորհրդատու» Գագիկ Եգանյանը, վերահսկողության վարչությունը՝ պետ Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ, ստորաբաժանումների և վերլուծությունների բաժինի  պետ Արման Թևանյանը, ում կողմից իբր թե վարվել է հիշյալ ծառայողական քննությունը և տրվել համապատասխան եզրակացություն։ Այնուհետև, իբրև թե ծառայողական քննության  իրավաչափությունը  ստուգվել է իրավաբանական վարչության կողմից՝ պետ Վահե Բալայանի ու օրենսդրության մշակման և որակավորման բաժնի պետ Լիանա Քոչարյանի մասնակցությամբ, որից հետո գլխավոր քարտուղարի կողմից կայացվել է Անահիտ Արևշատյանին խիստ կարգապահական տույժի ենթարկելու մասին որոշումը, որի իրավասությունը նա չի ունեցել (ի դեպ, այս ամբողջ շարժը գրանցված է Mullbery համակարգում): 

Այսինքն այն, որ քաղ. ծառայողի դեմ գործել են խմբակային, նախապես պլանավորված, այլևս անհերքելի է: Եթե նույնիսկ օրենքը սխալ է մեկնաբանվել  կադաստրի պաշտոնյաների կողմից, ապա դա խայտառակության  մյուս կողմն է. իսկ ինչ գործ ունեն օրենքը սխալ հասկացող կամ չհասկացող պաշտոնյաները պետական համակարգում, որոնք իրենց գործողություններով խեղում են քաղաքացիների ճակատագրերը։ 

Հիշեցնենք, որ  կադաստրի կոմիտեի  Շիրակի մարզի ստորաբաժանման արխիվի երկարամյա պետ Անահիտ Արևշատյանի նկատմամբ այս շինծու պատմությունը սկսվել էր այն պատճառով, որ նրա ուսերին դրվել էր նաև ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, մինչդեռ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզի ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանը ձգտում էր նորից վերադառնալ իր հին պաշտոնին։

Աշխատակազմին օգտագործած Սուրեն Թովմասյանն այժմ էլ  խոսակցություններ է տարածում, թե պատրաստվում է փակել Շիրակի մարզային ստորաբաժանումը՝ գուցե և վերացնելով  թղթային ախիվները, ինչպես վարվեց վերջերս Երևանի միասնական ստորաբաժանման արխիվի հետ։ Համացանցում հայտնվեց ու  տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ երևում էր ջրի մեջ կորած արխիվը, իսկ այդ նույն տեսանյութում դրանք փչացնելու ու հետքերը վերացնելու կազմակերպչական աշխատանքի մեջ մեղադրվում էր անձամբ կադաստրի կոմիտեի ղեկավարը։  

Զարմանալի է, որ օրենքը խախտելու համար դատարաններում խայտառակվող ու ազգային արժեք համարվող թղթային արխիվ վերացնելու մեջ կասկածվող սույն անձը զբաղված է  նոր օրենքների, այդ թվում արխիվների պահպանման մասին օրենքի նախագծեր մշակելով ու Ազգային Ժողով ներկայացնելով։ Հետաքրքիր է, թե այս ամենից հետո սույն անձին ինչպես են վստահում Հայաստանի եվրոպացի գործընկերները և պարբերաբար վերապատրաստման դասընթացներ անցկացնում արխիվների թվայնացման հետ կապված (խոսքը Նիդերլանդների Թագավորության մասին է)։ Գուցե Սուրեն Թովմասյանին սովորեցնեն՝ ինչ է ազգային արժեքը և Նիդերլանդների Թագավորությունում որտեղ են պահվում դրանք։
 
Սա էլ քիչ է, վերջինս ընտրվել է նաև Եվրոգեոգրաֆիքսի  կառավարման խորհրդի անդամ՝ մասնակցելով Մալթայում կայացած Եվրոգեոգրաֆիքսի համաժողովին ու իր հետ տանելով համաժողովի հետ բնավ կապ չունեցող ֆինանսատնտեսական վարչության պետին: Թե ինչ  է անում վերջինս Եվրոգեոգրաֆիքսի համաժողովին կամ ինչ գործ ունի օգնականի հաստիքով նրան սուրճ եփող քարտուղարուհին  «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը բնական աղետների ժամանակ» խորագրով Բրյուսելում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին, այդ հարցով թերևս ճիշտ կլինի վարչապետ Փաշինյանը գեթ մեկ անգամ անհանգստացնի Սուրեն Թովմասյանին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր