211652_close_icon
views-count877 դիտում article-date 19:30 05-04-2023

Արտահերթ գրություններով միջազգային բոլոր գործընկերներից պահանջել եմ հրատապ արձագանք և հասցեական գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործությանը․ Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ադրբեջանական վերջին սադրանքի կապակցությամբ հրատապ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին։

«Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված 27 հայ քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցողներ, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ գրունտային էքստրեմալ ճանապարհով ապրիլի 4-ին Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։ Չնայած նախնական պայմանավորվածությանը՝ «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելել են քաղաքացիական անձանց տեղափոխությունը։ Ադրբեջանցիները նույնիսկ ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետևանքով քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ 23 հոգի, վերադարձել են Գորիս։

Ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, օգտագործում են բոլոր անթույլատրելի և հանցավոր միջոցները՝ գործադրելու էմոցիոնալ և հոգեբանական բռնություն արցախահայության նկատմամբ։ Նպատակ են հետապնդում ամեն կերպ հայաթափել Արցախը։

Արտահերթ գրություններով միջազգային բոլոր գործընկերներիցս պահանջել եմ հրատապ արձագանք և հասցեական գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործությանը։ Միաժամանակ խնդրել եմ կրկին գործադրել միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացման ուղղությամբ»,- հայտարարել է Թովմասյանը։

 

Նմանատիպ նյութեր