211652_close_icon
views-count1195 դիտում article-date 15:46 28-03-2023

Ծոմի կանոնները չարաշահեցի ու պատժվեցի․ Պարույր Հայրիկյան․ Oragir.News

Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին բուժկենտրոն, որտեղից նա արդեն դուրս է գրվել:

Oragir.News-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդը հայտնեց, որ իր առողջական վիճակի վատացումը պայմանավորված է եղել պահքի շրջանում ծոմի կանոնները «չարաշահելով»։ Առողջական վիճակի վատացման մասին գրառումն էլ, իր խոսքով, արել էր, որպեսզի իրեն հոգեհարազատ մարդիկ չանհանգստանան։

«Ինձ բավականին մասնագիտացված եմ համարում՝ երկարատև ծոմ պահելու հարցում։ Դրա համար էլ պատժվեցի։ Ընդհանրապես, ծոմից դուրս գալուց հետո շատ կարևոր է, թե ինչպես ու ինչ ընթացք ես անցնում այն եզրափակելու համար։ Ես մարդկանց խորհուրդներ էի տալիս և պատժվեցի իմ այդ ինքնավստահության համար»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանը մանրամասնեց, որ հաշվի առնելով նախորդ պահքի ժամանակ ծոմը 15 օր շարունակ պահելու իր փորձը՝ այս անգամ ավելի երկար ժամանակահատված էր նախանշել, ինչը, սակայն, չէր հաջողվել իրականացնել։ «Նախ, պատժվեցի նրա համար, որ 18 օր էի ծրագրել, բայց որոշածս ժամկետի միայն կեսը կարողացա պահել։ Աշխատունակությունս պակասել էր, ես էլ դրանից վատ էի զգում։ Ըստ հայկական տարածված կարգի՝ ծոմ պետք է պահել պահքի շրջանի վերջին 5 օրերին։ Անցած տարվա 15 օրվան ես այս անգամ որոշեցի ևս 3 օր ավելացնել։ Բայց թույլիկ դուրս եկա։ Նաև երրորդ օրն ինձ թույլ տվեցի բուսական տապակա և բրինձ՝ մոռանալով, որ դրանք կարող են վնասակար լինել։ Ես դա ինձ պետք է թույլ տայի գոնե 1 շաբաթ անց միայն»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանի խոսքով՝ հետևանքը չի ուշացել։ Նրա ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ ստիպված է եղել շտապօգնություն կանչել։ «Բուժհաստատությունում բավականին լուրջ մասնագիտական վերաբերմունք բացահայտվեց։ Ես էլ հիվանդ լինելը բնական եմ համարում, բայց հիվանդ մնալը՝ ոչ։ Դրա համար 3 ժամից դուրս գրվեցի և լրիվ լավ եմ»,- եզրափակեց նա։

Ավելի վաղ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել, որ ինքնազգացողության վատթարացման պատճառով տեղափոխվել էր բուժհաստատություն, որտեղ բժիշկների կողմից լիարժեք մասնագիտական սպասարկում ստանալուց հետո դուրս էր գրվել։

Նմանատիպ նյութեր