211652_close_icon
views-count1294 դիտում article-date 16:25 10-03-2023

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները՝ սակարկության առարկա փակուղի մտած բանակցություններում. BBC-ի ռուսական ծառայության հոդվածը

Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ, որոնց Ադրբեջանն անվանում է «ահաբեկիչներ» և չի շտապում հանձնել Հայաստանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին՝ նշելով, որ նրանք սակարկության առարկա են դարձել փակուղի մտած բանակցություններում:  

«Հայ գերիներն Ադրբեջանում՝ ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր թե՞ սակարկությունների առարկա». այսպես է վերնագրված պարբերականի ծավալուն հոդվածը: Այն հիշեցնում է, որ 2021 թ.-ի ամռանը Բաքվի դատարանը 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման՝ մեղադրելով «ահաբեկչության, զենքի ապօրինի պահման և կրման, սահմանի ապօրինի հատման, ինչպես նաև «զինված կազմավորումներ» ստեղծելու մեջ»:

BBC-ի ռուսական ծառայությունը շեշտում է, որ հայ զինվորականներին շրջապատել և ձերբակալել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Պարբերականը նշում է, որ այդ ժամանակ պարզ չէր, թե ում վերահսկողության տակ է գտնվում Հին Թաղեր (Հինթաղլար) գյուղը, և մանրամասնորեն ներկայացնում է հայ զինվորների գերի ընկնելու հանգամանքները:

Հոդվածի հեղինակը նաև զրուցել է Ադրբեջանում դատապարտված գերիներից մեկի՝ Մանուկ Մարտոյանի ընտանիքի անդամների հետ, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի և փաստաբան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանի հետ:

Բաքուն պնդում է, թե Ադրբեջանում կալանավորված է 33 հայ ռազմագերի, սակայն ըստ Արման Թաթոյանի՝ այս թիվն իրականությանը չի համապատասխանում: Սիրանույշ Սահակյանն իր հերթին նշել է, որ 33 ռազմագերիներից զատ, Ադրբեջանում կարող է լինել ևս 80 գերի:

BBC-ն նշում է, որ ադրբեջանական իրավապաշտպանների խոսքով՝ զինվորականների դատավարություններն անց են կացվել իրավական նորմերի խախտումներով:

Նմանատիպ նյութեր