211652_close_icon
views-count826 դիտում article-date 09:25 07-03-2023

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի առթիվ

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում ոստիկանական մեքենայի գնդակոծման և մարդկանց մահվան փաստին:

Թվիթերի իր պաշտոնական էջում Կոլոմինան գրել է. «Շատ մտահոգված եմ Ստեփանակերտի շրջակայքում մահացու միջադեպի մասին հաղորդումներով: Այս դեպքը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»:

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, նմանատիպ կոչով է հանդես եկել նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն:

«ԵՄ-ն ցավում է երեկ ղարաբաղյան շփման գծում բռնկված բռնության համար, որը հանգեցրել է առնվազն հինգ զոհի։ Այս մահացու դեպքի հետ կապված հանգամանքները պետք է մանրամասն հետաքննվեն։

Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու հետագա գործողությունները, որոնք կարող են ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և սպառնալ խաղաղ գործընթացին», ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր