211652_close_icon
views-count796 դիտում article-date 21:46 06-03-2023

Ո՞վ է շահագրգիռ Գյումրու մանկական հիվանդանոցի օպտիմալացմամբ․ բուժանձնակազմը բողոքում է․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը մտադիր են միավորելու Գյումրի բժշկական կենտրոնին։ Կառավարության որոշում դեռ չկա, հարցը քննարկումների փուլում է, սակայն մանկական հիվանդանոցի ողջ անձնակազմը՝ թվով 223 հոգի կտրականապես դեմ է այդ ծրագրի իրագործմանը, քանի որ, ըստ նրանց, հնչող պատճառաբանություններն անհեթեթ են և անհիմն։ Այսօր բուժանձնակազմը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ իր անհամաձայնությունն ու դժգոհությունն արտահայտելու։ Վերջիններս վրդովված են, որ հարցը իրենց հետ չի քննարկվել։ Բժիշկներից մեկը տեղեկացրեց՝ պատահական են իմացել, որ իրենց հիվանդանոցի շուրջ նման «գործարքներ» են ծավալվում։ Ըստ բանախոսի, իրենց այս մասին պաշտոնապես ոչ մեկը չի տեղեկացրել, բայց երբ սկսել են ընդվզել, գնացել են մարզպետարան ու հանդիպել մարզպետարանի պատասխանատուների հետ, հստակեցվել է, որ նման խմորումներ կան իրենց հիվանդանոցի շուրջ։

Մարզպետարանից Մոր և մանկան հիվանդանոցի բուժանձնակազմին որպես հիմնավորում ներկայացել են այն, որ մանկական բուժհաստատությունը կարիք ունի զարգացման, հետևաբար և միավորելու են այնպիսի հիվանդանոցի հետ, որն ավելի զարգացած է, հագեցած է, կօգնի իրենց զարգանալու։

Բանախոսները պնդում են՝ անհեթեթ պատճառաբանություն է, իրենց չհամոզող, քանի որ իրենց ֆինանսական միջոցները երբեք անբավարար չեն եղել, հիվանդանոցում առկա են բոլոր բաժանմունքները, նեղ մասնագետների կաբինետներ ևս ունեն։

Նրանք նաև նշում են, որ վերջերս առողջապահության երկու փոխնախարարներ են այցելել Գյումրի, սակայն ցանկություն չեն հայտնել իրենց հետ հանդիպել։ Բուժանձակազմը հարցնում է՝ սա արհամարհա՞նք է, թե՞ պատճառը հիմնավորում չունենալն է։

Մանկական հիվանդանոցի բուժանձնակազմը բողոք-նամակ է հղել վարչապետին, առողջապահության նախարարին, ԱԺ առողջապահության հանձնաժողովին առ այն, որ համաձայն չեն եկամուտ բերող բուժհիմնարկը, որը իր տեսակով միակն է մարզում, վերակազմավորել Գյումրի բժշկական կենտրոնի հետ։

Նրանք ենթադրում են, որ այս ծրագիրը մի քանի հոգու քմհաճույքի, կամայականության արդյունքում է։

1991 թվականին հիմնված հիվանդանոցը, ըստ բանախոսների, իր գոյության ողջ ընթացքում ունեցել է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի կառավարության, ինչպես նաև այդ երկրի բարեգործ անհատների օժանդակությունը։ Այն, ըստ բանախոսների, կայացած, ինքնաբավ հիվանդանոց է, որը երբեք պարտքեր չի ունեցել, ֆինանսական միջոցները միշտ բավարարել են»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր