211652_close_icon
views-count820 դիտում article-date 13:54 01-03-2023

Սերբիան երբեք չի համաձայնի Կոսովոյի ճանաչմանը, սակայն պատրաստ է բանակցել համաձայնեցված պայմանավորվածությունների շուրջ. Վուչիչ

Բելգրադը երբեք չի համաձայնի ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության ճանաչմանը և նրա մասնակցությանը միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Գրում են սերբական ԶԼՄ-ները։

«Մենք չենք ցանկանում բանակցություններ վարել փոխադարձ ճանաչման, Կոսովո և Մետոքիան ՄԱԿ-ում ընդգրկելու շուրջ: Մենք պատրաստ ենք խոսել արդեն համաձայնեցված պայմանավորվածությունների կատարման մասին», - Վուչիչն ասել Է սերբական PTC հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Կոսովոյի կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքները, որոնք ԵՄ-ի միջնորդությամբ երկուշաբթի օրն անցկացվել են Բրյուսելում:

Սերբիայի նախագահը, մասնավորապես, հիշեցրել է, որ 2013 թվականից ի վեր չորս փաստաթուղթ է համաձայնեցվել Կոսովոյում Սերբական համայնքների միություն ստեղծելու շուրջ, սակայն տարածաշրջանի իշխանությունները՝ ի դեմս ալբանացի էթնիկ մեծամասնության, շարունակում են դեմ հանդես գալ այդ միջոցառմանը։ Վուչիչը վստահեցրել է, որ Կոսովոյի խնդրի կարգավորման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն ապագայում, սակայն, նրա խոսքով, Բելգրադը մտադիր չէ զիջումների գնալ։

«Մենք պատրաստ ենք քննարկել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման պլանը, բայց ոչ այն փոփոխությունները, որոնք ներառված են ԵՄ առաջարկություններում. դրանք ես չեմ ստորագրի», - ընդգծել է Սերբիայի նախագահը։

Վուչիչի և Կոսովոյի կառավարության ղեկավար Ալբին Կուրտի մասնակցությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ներկայացրել է Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման Եվրամիության առաջարկությունները։ Դրանք, մասնավորապես, նախատեսում են, որ կողմերը զարգացնելու են «նորմալ, բարիդրացիական հարաբերություններ՝ միմյանց հետ իրավահավասարության հիման վրա»:

Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերն առաջնորդվելու են ՄԱԿ-ի կանոնադրությամբ, այդ թվում՝ «բոլոր պետությունների ինքնիշխան հավասարության, նրանց անկախության, ինքնավարության և տարածքային ամբողջականության հարգման, ինքնորոշման իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներով»:

Փաստաթղթի համաձայն՝ «երկու կողմերը փոխադարձաբար ճանաչում են համապատասխան փաստաթղթերն ու ազգային խորհրդանշանները, այդ թվում՝ անձնագրերը, դիպլոմները, համարանիշերն ու մաքսային կնիքները»:

Նմանատիպ նյութեր