211652_close_icon
views-count1156 դիտում article-date 16:51 15-02-2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով

Փետրվարի 15-ին Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որից հետո Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Տեղեկացնում է ԱԳՆ-ն։ ԱԳ նախարար Միրզոյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ պարոն Չավուշօղլու,

Հարգելի՛ ներկաներ,

Նախևառաջ, Հայաստանի Հանրապետության անունից ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին:

Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988թ․ Սպիտակի կործանիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին։

Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ։ Եվ աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով։ Ես հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա։ Եվ հենց այս սկզբունքով էր, որ ՀՀ կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց Թուրքիա ուղարկել փրկարարներ և հումանիտար օգնություն։

Շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին և, ընդհանուր առմամբ, հայկական ներկայության ու աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար:

Շատ ուրախ եմ, որ մեր փրկարարներին՝ իրենց գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է անել ամենակարևորն այս իրավիճակում՝ փրկել մարդկային կյանքեր:

Խորհրդանշական եմ համարում նաև, որ շաբաթ օրը շուրջ երեսուն տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց՝ Ադիյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան, և ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադիյաման:
Հարգելի՛ ներկաներ,

Մեր այսօրվա հանդիպումը, իհարկե, պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն, այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը և ձգտումը։

Ուզում եմ տեղեկացնել, ինչպես նախարար Չավուշօղլուն քիչ առաջ նշեց, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշ դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:

Նմանատիպ նյութեր