211652_close_icon
views-count799 դիտում article-date 17:26 09-02-2023

Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, և մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով. Պորտուգալիայի դեսպան

Արժևորում ենք հայ-պարտուգալական հարաբերությունները և կարծում, որ Ձեր այցը կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը: Այս մասին ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անունից ասել է խմբի անդամ Վլադիմիր Վարդանյանը փետրվարի 9-ին մեր երկրում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերի հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անդամներ Էմմա Պալյանը և Արուսյակ Ջուլհակյանը:

Կողմերը քննարկել են հայ-պորտուգալական կապերի զարգացման հեռանկարները: Առանձնահատուկ ընդգծվել է խորհրդարանների և, մասնավորապես, բարեկամական խմբերի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը:

Հայ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել աջակցելու երկկողմ գործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններին` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպություններում փոխշահավետ և արդյունավետ համագործակցությանը: Ընդգծվել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը:

Բարեկամական խմբի անդամները բարձրաձայնել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին ու անվտանգությանն առնչվող խնդիրներ: ԱԺ պատգամավորները ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում կարևորել են միջազգային գործընկերների արձագանքը, գործողությունները:

«Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, և մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով»,- նշել է դեսպանը և կարևորել տարածաշրջանում կայունությունը և անվտանգությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մեր երկրում բարեփոխումների իրականացմանը: Հյուրը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման իրենց փորձը` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պորտուգալիան ևս անցել է հեղափոխության ճանապարհով:

Նմանատիպ նյութեր