211652_close_icon
views-count51186 դիտում article-date 22:36 02-02-2023

ՀՀ ՆԳ նախարարի ու ՀՀ ոստիկանապետի կարգադրություններով շարունակվում է զենք-զինամթերքի հայտնաբերումը. ինչո՞ւ էր Մալաթիայի ոստիկանապետը պարեկների հետ ժամանել Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգի ու ի՞նչ հայտնաբերեցին այնտեղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության ղեկավար կազմին հանձնարարականներ են տվել, որպեսզի Ոստիկանության ծառայողները ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության գումարտակներում ակտիվ պայքար ծավալեն բնակչության շրջանում, որպեսզի քաղաքացիները Ոստիկանության տարածքային բաժիններ ներկայացնեն իրենց մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքը։

Վերջին ամիսներին թե տարածքային ոստիկանության բաժինների, թե պարեկային ծառայողների կողմից հայտնաբերվել են խոշոր չափի զենքեր ու զինամթերք։ Ոստիկանների ու պարեկների բացատրական աշխատանքների արդյունքում թե Երևանում և թե մարզերում բազմաթիվ քաղաքացիներ ինքնակամ ներկայացրել են իրենց մոտ եղած զենքերն ու զինամթերքները, ու երբ պարզվել է, որ այդ զենքերը չեն օգտագործվել քրեորեն պատժելի արարքներում, այն հանձնող քաղաքացիներն ազատվել են քրեական պատասխանատվությունից։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը Պարեկային ծառայության բոլոր գումարտակների հրամանատարական կազմին հայտնել է, որ ՆԳ նախարար Վ. Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանը դարձյալ հանձնարարականներ են տվել, որպեսզի ամենօրյա աշխատանքում շարունակեն ազգաբնակչության հետ բացատրական աշխատանքները, որպեսզի դրական արդյունք տա քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի հանձնումը։ 

Այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ հերթական դրական արդյունքին են հասել. քաղաքացին ահազանգել է Մալաթիայի ոստիկանություն և հայտնել, որ Սեբաստիա փողոցում՝ Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում, ինքը 2 պոլիէթիլենային տոպրակ է թողնում, որի մեջ կա զենք-զինամթերք։

Բաժնի պետ Ա. Մելոյանի և նրանց միացած ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ ժամանում են նշված վայր, որտեղ հայտնաբերվում են կասկածելի տոպրակները։ 

Տեղում պարեկներ Հայկ Փանոսյանն ու Արծրուն Ավոյանը սահմանազատում են տարածքը, ինչից հետո Մալաթիայի ոստիկանները տոպրակները հայտնաբերում են, որոնցից մեկի մեջ լինում է «ԱԿ 74» տիպի ինքնաձիգ՝ դատարկ պահունակով, իսկ մյուսի մեջ հայտնաբերում են 2 հատ ձեռքի նռնակ, 2 պայթուցիչ և 66 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ։ 

Ահազանգով դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Վարոսյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր