211652_close_icon
views-count763 դիտում article-date 10:55 13-01-2023

Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 4․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի առաջին արբանյակը Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվեց 2022-ի մայիսի 25-ին։ Շուտով պարզ դարձավ, որ արբանյակի շահագործման համար անհրաժեշտ է Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոն ստեղծել. այդ մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը արբանյակի արձակման հաջորդ օրը եւ կենտրոնի կառուցման վերջնաժամկետ նշեց 2023թ.-ի վերջը։ Այնուհետեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը հոկտեմբերի 25-ի Ազգային ժողովի նիստում, պատասխանելով պատգամավորի՝ կառավարման կենտրոնի ստեծման մասին հարցին, վստահեցրեց, որ այն պատրաստ կլինի մինչեւ 2022-ի տարեվերջ։

Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 18-ին, արդեն ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ արբանյակի թեստավորումներն ավարտվել են, այն պատրաստ է շահագործման, իսկ կառավարման կենտրոնը շուտով կբացվի: Մինչեւ տարեվերջ նման կենտրոն այդպես էլ չբացվեց: Վերջերս «Սիվիլնեթ»-ը հարցում էր ուղարկել ԲՏԱ նախարարություն եւ հստակ ժամկետներ խնդրել: ԲՏԱ նախարարությունից պարզաբանել են, որ բացման կոնկրետ ժամկետ հայտնի չէ, եւ կենտրոնը նախատեսվում է գործարկել 2023թ.-ի ընթացքում։ Նախարարությունից նաեւ հստակեցրել են, որ Հայաստանում ընդունիչ կայանը դեռեւս չի ստեղծվել։

Նկատենք, որ արբանյակի գործարկման օրվանից տարատեսակ ոչ միանշանակ կարծիքներ ու պնդումներ են հնչում արբանյակի պատկանելության, հնարավորությունների եւ նպատակահարմարության մասին, եւ, ամենակարևորը, ինչպես նշել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որեւէ նկարահանում չի արվել կամ չի հրապարակվել ամենազոր արբանյակի կողմից: Եթե պատերազմի հանցանքներն էլ մենք չենք կարողանում ապացուցել արբանյակից արված կադրերով, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես դրա գոյությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր