211652_close_icon
views-count1166 դիտում article-date 14:23 17-12-2022

Մեծ Բրիտանիայի վարչապետը կարգադրել է Ուկրաինային օգնության վերաբերյալ աուդիտ անցկացնել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կարգադրել է Ուկրաինային օգնության վերաբերյալ աուդիտ անցկացնել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Սունակը, հնարավոր է, չափազանց զգուշավոր մոտեցում է ցուցաբերում պատերազմին այն պահին, երբ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ, նշում է հեռուստաալիքը:  

Բրիտանական կառավարությունը պնդում է, որ Սունակը մնում է Ուկրաինայի ջատագովներից մեկը։ Վերջերս Ուկրաինա կատարած այցի ժամանակ, որը վարչապետի դերում իր առաջին արտասահմանյան այցն էր, նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Բրիտանիան կմնա Ուկրաինայի կողքին «մինչեւ վերջ»։

Սակայն ստուգում անցկացնելու խնդրանքը որոշ շրջանակներում մտավախությունների պատճառ է դարձել՝ հաշվի առնելով զորահրամանատարների նախազգուշացումները, որ առաջիկա ձմռան ամիսներին Ուկրաինային զենքի մատակարարումը կարող է վճռորոշ դառնալ։

«Պատերազմները չեն հաղթում ամփոփ հաշվետվությունների օգնությամբ։ Պատերազմները հաղթում են հոտառությամբ։ Սկզբում Բորիսն էր, որն ասաց՝ «եկեք գործի անցնենք»։ Այնպես որ, Ռիշին պետք է իր մեջ «ներքին Բորիսին» գտնի միջազգային քաղաքականության ոլորտում, բայց, իհարկե, ոչ բոլոր առումներով»,-ասել է աղբյուրներից մեկը։

Ինչպես նշում է աղբյուրը, աուդիտը, որը հայտնի է որպես «տվյալների վրա հիմնված գնահատում», անհրաժեշտ է, որպեսզի պարզվի, թե ինչպես է զարգանում պատերազմը, եւ որքան կարեւոր դեր է խաղում Ուկրաինային բրիտանական ռազմական օգնությունը:  

Ըստ Newsnight ծրագրի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղյակ է Մեծ Բրիտանիայում ընթացող բանավեճերից եւ կոչ է անում Սունակին պահպանել իր երկրին աջակցության բարձր մակարդակը: 

Հակամարտությունը, որի վիճակն առաջարկվում է գնահատել, այժմ վճռորոշ պահ է ապրում։

Ինչպես կարծում են բրիտանական կառավարության առանցքային ֆիգուրները, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական գործողությունները հասել են փակուղային իրավիճակի: Նրանց կարծիքով՝ կողմերից մեկը կարող է առաջընթացի հասնել միայն այն դեպքում, եթե կարողանա զգալիորեն ավելացնել իր սպառազինության ծավալները։

Բրիտանական կառավարության աղբյուրները հայտնում են, որ երկրի գլխավոր շտաբի պետ Թոնի Ռադակինն այս շաբաթ իր մտահոգությունն է հայտնել՝ թեպետ դիվանագիտական տերմիններով։ Ռադակինը հայտարարել է, որ «ռուսական ռազմական նկուղը դատարկ է» եւ կոչ է արել շարունակել ռազմական աջակցությունը Ուկրաինային:

Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ Կոնգրեսը Պենտագոնին սկզբունքային թույլտվություն էր տվել Կիեւի համար զգալի քանակությամբ սպառազինություն գնելու համար։ Սակայն, ինչպես հայտնել է Economist-ը, այդ օգնությունը կարող է Ուկրաինային չհասնել հաջորդ տարվա գարնանը։

Բրիտանական կառավարությունում ոմանք նման մոտեցումը համարում են Ուկրաինայի նկատմամբ ներքին զգուշավորության նշան, որը ցուցաբերում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Համարվում է, որ նա չի ցանկանում ավելի լայն հակամարտություն հրահրել: Բրիտանական կառավարական շրջանակներում կան այնպիսիք, ովքեր մտահոգված են, որ վարչապետ Սունակը, ի վերջո, կաջակցի Բայդենի նման մտահոգությանը:

Նմանատիպ նյութեր