211652_close_icon
views-count1288 դիտում article-date 16:51 13-12-2022

Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, ներգրավված է նաև Արցախը․ փոխնախարար

Լաչինի միջանցքը ապաշրջափակելու շուրջ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև այս պահին բանակցություններ չկան, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը, նշելով, որ նախևռաջ բանակացություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, Արցախի իշխանությունները նույնպես ներգրավված են ռուս խաղաղապահների հետ այս խնդրի կարգավորման գործում։

Փոխնախարարի խոսքով՝ պաշտոնական Երևանը ստեղծված իրավիճակը ներկայացնում է միջազգային գործընկերներին և շուտով ամենաբարձր ատյաններից Հայաստանը կանդրադառնա այս խնդրին, քանի որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել ոչ միայն եռակողմ հայտարարության խախտում, այլև Արցախի նկատմամբ կոլեկտիվ պատժի փորձ է կատարվում։

«Քաղաքական գնահատականը շատ հստակ է՝ տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում, շատ լուրջ խախտում, որովհետև եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է Լաչինի միջանցքի գործունեությունը: Ինչ վերաբերում է խնդրի իրավական մասին, փաստորեն, տեղի է ունենում միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային մարդու իրավունքի լայնածավալ խախտումներ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կոլեկտիվ պատժի փորձ, ինչը միանշանակ դատապարտվում է միջազգային բոլոր հումանիտար օրենքներով։ Զրկել մարդկանց ազատ տեղաշարժից, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների ամենօրյա մատակարարումից և զրկել ոչ թե 1-2 մարդու, այլ զրկել հավաքական իրավունքներից, դա, իրավական տեսակետից, նույնպես լրջագույն խախտում է, որը կարող է ծառայել որպես էթնիկ զտումների և ցեղասպանության վաղ ահազանգ»,- ասաց Գևորգյանը:

Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն բացում ճանապարհը, ինչո՞ւ չի գործում այստեղ ռուս խաղաղապահների մանդատը, թե պարզապես նրանք այդպիսի մանդատ չունեն։ Փոխարտգործնախարարի համոզմամբ, խաղաղապահների առաջնահերթ մանդատի ներքո է այս խնդրի լուծումը։

«Միանշանակ ասել, որ ռուս խաղաղապահները չեն օգտագործում իրենց մանդատը, այս պահին ժամանակավրեպ է։ Կարծում եմ՝ փորձեր են կատարում՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ, բայց ես համաձայն եմ, որ այս քայլերը՝ Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ վերցնելու փորձերը, կատարվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, և խաղաղապահների առաջնահերթ մանդատի ներքո է այս խնդրի լուծումը», - ասաց Վահե Գևորգյանը։

Հարցին, թե կա՞ հույս, որ այսօր ճանապարահը կապաշրջափակվի, Գևորգյանը պատասխանեց․ «Իրավիճակն անընդհատ զարգանում է, աներկբա է միայն մի բան՝ ճանապարհը պետք է բացվի»։

Նմանատիպ նյութեր