211652_close_icon
views-count3521 դիտում article-date 13:05 11-12-2022

Հերքում․ Էդգար Ջանիբեկյանը ստորագրությամբ ազատ չի արձակվել

SHAMSHYAN.com-ը 14․06․2020-ին նյութ էր հրապարակել՝ «Արաբկիրի ոստիկանների՝ հերթական խոշոր չափի թմրամիջոցի հայտնաբերումը Երևանում. 26-ամյա կասկածյալը այն ձեռք էր բերել «Telegram»-ի միջոցով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ» վերտառությամբ։ Ի կատարումն ԵԴ/20966/02/20 քաղաքացիական գործով կայացված վճռի՝ հայտնում ենք «հետաքննիչի որոշմամբ, 19-ամյա Էդգար Ջանիբեկյանը ստորագրությամբ ազատ է արձակվել» միտքը չի համապատասխանել իրականությանը։

Հիշեցնենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի նրբանցքներից մեկից թմրամիջոց ձեռք բերելու և ահելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին էին բերման ենթարկել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Կարեն Զախարյանին և Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 19-ամյա Էդգար Ջանիբեկյանին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս եղել են Կ. Զախարյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Զննությամբ ավտոմեքենայի առջևի աջ դռան միջից հայտնաբերվել էր 4.91 գ դեղնականաչավուն զանգված՝ լցված 6 առանձին ապակյա տարաների մեջ, իսկ ավտոմեքենայի դիմացի աջ նստատեղի վրայից հայտնաբերվել էր սև պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ առկա է եղել 12 ապակյա և 3 պլաստմասե տարայով լցված դեղնականաչավուն զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը տարաների հետ միասին կազմել է 233.3 գ.: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Կ. Զախարյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և փաստերի ճնշման տակ հայտնել է, որ այն ձեռք է բերել «Telegram» հավելվածի միջոցով: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր-օր-ի 266 հոդվածի և 268 հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ և Կ. Զախարյանը հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հունիսի 13-ին Կ. Զախարյանի մասնակցությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից սպասարկվող նույն վարչական շրջանի մի քանի հասցեներում, Կ. Զախարյանը մատնացույց է արել մի քանի թաքստոցներ, որտեղից հայտնաբերվել է թվով 10 տարա, որից 7 տարայի հետ միասին առկա է եղել 106.53 գր. ընդհանուր կշռով դեղնականաչավուն զանգված և 3 տարայում առկա դեղնականաչավուն զանգված, որի ընդհանուր կշիռն առանց տարայի կազմել է 2.85 գրամ: 

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Կ. Զախարյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր