211652_close_icon
views-count1523 դիտում article-date 23:20 07-12-2022

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Սպիտակ և Վանաձոր քաղաքներում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Այսօր` դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ քաղաք են այցելել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցները:

1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին և Ճապոնիայի ահեղ ցունամիի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։

«34 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջանին պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում տասնամյակների վիշտ և ավերածություն պատճառեց մեր պետությանը։ Ավերիչ երկրաշարժի արդյունքում հողին հավասարվեցին գյուղեր, ավերվեցին քաղաքներ, զոհվեցին քսանհինգ հազար քաղաքացիներ, խեղվեցին անհաշիվ մարդկային ճակատագրեր։ 1988 թվականից մինչ օրս մեր ժողովուրդը կառուցում և նորոգում է երկրաշարժի արդյունքում ավերվածը։ Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգի շատ հիմնահարցեր և դարձավ այդ համակարգի արմատական վերակազմավորման հիմնական ազդակը։ Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց տվեց, որ նմանատիպ երկրաշարժերը, տարատեսակ բնական և տեխնածին այլ աղետներ կարող են պատուհասել նաև այսօր»,- ասել է իր ելույթում ԱԻ նախարար Ա․ Փամբուխչյանը:

«Այսօր մենք պետք է համադրենք մենք ջանքերը, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք անելու վաղը, որ ավելի ամրացնենք Հայաստանի դիմակայունությունը և բնական կամ տեխնածին որևէ աղետ մեզ այլևս կորուստներ չպատճառի։ Այդ ամենի համար արվել են և արվում են կարևորագույն քայլեր, ինչպիսիք են միջազգային փորձի ներդրումը, սեյսմիկ գոտիներում գտնվող երկրների հետ փորձի փոխանակումը, ՀՀ ԱԻՆ տեխնիկական հագեցումն ու մեր մասնագետների շարունակական վերապատրաստումը։ Դեկտեմբերի 7-ը մեր ժողովրդի մոտ հոգեբանական և հուզական ծանր հիշողություններ է արթնացնում, սակայն ես հուսով եմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք լիովին հաղթահարել աղետի հասցրած հետևանքները», - եզրափակել է Ա․ Փամբուխչյանը։

Ծաղկեդրման արարողությանը հաջորդել է նախարարի այցը Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Ա. Փամբուխչյանը հանդիպել է անձնակազմի հետ, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել հնարավոր առկա խնդիրներով, տվել համապատասխան հանձնարարականներ։

Նախարար Փամբուխչյանն այցելել է նաև Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ է խոնարհել։ Սրբոց Նահատակաց պուրակում՝ խաչքարի մոտ, կատարվել է նաև հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր