211652_close_icon
views-count1052 դիտում article-date 17:21 06-12-2022

Էրդողանը հայտարարել է, որ Իրանի հետ սահմանի մոտ թուրք-ադրբեջանական զորավարժությունները «վախեցրել են թշնամիներին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Իրանի սահմանի մոտ «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, իր ուղերձում Էրդողանն ասել է, որ բարդ եղանակային պայմաններում անցկացվող զորավարժությունները կուժեղացնեն ադրբեջանական և թուրքական զինուժը։

«Ես հավատում եմ, որ դուք ուժ տվեցիք ընկերներին և վախեցրեցիք թշնամիներին»,- ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ այս զորավարժությունները ցույց են տվել, որ Բաքվին և Անկարային ոչ ոք չի կարող բաժանել:

Մինչդեռ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որը հետևել էժ զորավարժություններին, ասել է, որ իրենց բարեկամների ընկերներն ու թշնամիները համապատասխանաբար իրենց ընկերներն ու թշնամիներն են:

«Թուրքիան և Ադրբեջանը, անկախ նրանից, թե որտեղից և ումից են սադրանքները, դրանք ընկալում են որպես երկու երկրների դեմ ուղղված: Թող ոչ ոք այդ հարցում չկասկածի»,- ասել է Աքարը՝ ընդգծելով, որ «իրենք լինելու են մեկ բանակ, մեկ ուժ և մեկ բռունցք»:

Աքարի խոսքով՝ նման խոցելի պահին իրենց երկրների և ազգի անվտանգության ապահովումը հնարավոր է միայն ակտիվ և հուսալի բանակով։

«Թուրքիայի զինված ուժերի և բարեկամ ու եղբայրական ադրբեջանական բանակի կողմից համատեղ անցկացվող այս զորավարժությունները մենք համարում ենք պարզ և չափազանց օգտակար»,- շարունակել է Աքարը։

Թուրք նախարարն ընդգծել է, որ զորավարժությունները ցույց են տվել երկու երկրների զինված ուժերի ուժն ու վճռականությունը Թուրքիայի և Ադրբեջանի իրավունքները և շահերը պաշտպանելու գործում։