211652_close_icon
views-count1018 դիտում article-date 16:52 02-12-2022

Ավստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանում Բաքվին դատապարտող և ՀՀ-ից զորքերը դուրս բերելու բանաձև են նախաձեռնել

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ներկայացրած փաստերից, հիմնավորումներից հետո Ավստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանի խոսնակը նախաձեռնել է Ադրբեջանի պատերազմական հանցանքները Հայաստանում ու Արցախում դատապարտելու և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու բանաձև։ Բանաձևի նախագծին միացան մի շարք պատգամավորներ: Հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը։

Մասնավորապես, երեկ Սիդնեյում Ավստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանի խոսնակ, Ավստրալիա- Հայաստան դաշնային միջխորհրդարանական միության (Բարեկամության խումբ) ղեկավար Ջոնաթոն Օ'Դէյի և մի շարք պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանում ու Արցախում Ադրբեջանի իշխանությունների հանցանքների ու այլ անօրինական արարքների հետևանքով անվտանգության և մարդկանց համար առաջացրած լրջագույն խնդիրները։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի Պատվո նախագահ Գրիգոր Սողոմոնյանը և գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը։

Քարտեզների վրա փաստագրումներով ներկայացրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստերը կապված ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների հետ՝ սկսած 2021թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 14-ը, ինչպես նաև խոսել է արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։

Մանրամասն ցույց է տվել ադրբեջանական վերջին ներխուժումների հետևանքները Ջերմուկում, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում՝ շեշտելով, որ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի պատրաստվում հեռանալ մեր տարածքներից․ կատարում է թե´ ՀՀ օկուպացված տարածքներում, թե´ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին իր անօրինական զինված տեղակայումների ամրացման աշխատանքներ, անգամ պատրաստվում ձմռանը՝ անօրինական կառուցելով զինվորական ճանապարհներ, դիրքեր, շինություններ ու բունկերներ։

Ներկայացրել է նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու ապացույցները: Ընդ որում, խոսել է նաև այն մասին, որ հայ գերիները շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում և օգտագործվել քաղաքական ու ռազմական շահերի համար առևտրի նպատակով:

Տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի կրակոցները ՀՀ սահմանային դարձած գյուղերի հարևանությամբ ամենօրյա են դարձել։ Նրանք մարդկանց ահաբեկում են ու կյանքն այդ գյուղերում դարձրել են անհնարին։

Ցուցադրել է նաև ադրբեջանական հայատյացության ու ֆաշիզմի հասած քաղաքականության ապացույցները. անպատժելիության հովանավորության այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր:

Որպես լուծում՝ շեշտել է, որ առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հրավերով կազմակերպված այցի շրջանակներում դեռ շարունակվում են Արման Թաթոյանի հանդիպումները։

Նմանատիպ նյութեր