211652_close_icon
views-count362 դիտում article-date 12:53 02-12-2022

ԱՄՆ Կոնգրես է մտցվել օրինագիծ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն ահաբեկչական ճանաչելու մասին

ԱՄՆ սենատորներն օրինագիծ են առաջարկել, որով պետդեպարտամենտին պարտավորեցնում են  «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ճանաչել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։

Սենատոր Ռոջեր Ուիքերը Մերիլենդի նահանգի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բեն Քարդինի հետ միասին ներկայացրել է «Օրենք ռուս վարձկաններին պատասխանատվության ենթարկելու մասին», որը քաղաքական գործիչը նկարագրել է որպես «երկկուսակցական օրենսդրական ակտ, որը պետդեպարտամենտից կպահանջի Ռուսաստանում տեղակայվող «Վագներ» ընկերությունը ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Նրա խոսքով նման նախաձեռնություն կներկայացվի նաեւ Ներկայացուցիչների պալատ՝ դեմոկրատներ Սթիվեն Քոենի եւ Մարկ Վիզիի եւ հանրապետականներ Ջո Ուիլսոնի եւ Ռիչարդ Հադսոնի կողմից։

Bloomberg-ը, հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին, նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ուսումնասիրում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հնարավորությունը՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության պատճառով։ Նշվել է, որ ընկերությունն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը «ԱՄՆ-ին թույլ կտար քրեական հետապնդում իրականացնել խմբի եւ նրա անդամների դեմ, ինչպես նաեւ հետեւել նրանց ակտիվներին ամբողջ աշխարհում»։