211652_close_icon
views-count707 դիտում article-date 21:07 27-11-2022

Զինվորի տունն այսօրվանից նաև աղոթատեղի ունի

Զինվորի տունն այսօրվանից նաև աղոթատեղի ունի։ Պատերազմը վերապրած, կյանքը նորից սկսած, հրաշքով փրկված տղաներ կան, որ երկրորդ անգամ սկսել են ապրել ա'յլ արժեքներով։ Նրանցից շատերի համար հավատն առ Աստված կյանքի հիմնական շարժիչ ուժն է։
 
Զինվորի տան հիմնադիրները միշտ ասում են, որ այստեղ կյանքի կոչվող բոլոր գործերը, որ հանուն հայրենիքի պաշտպանների բարօրության են արվում, Աստծո կամքով և Աստծո միջնորդությամբ են տեղի ունենում, իսկ հիմնադիրներն ու նախաձեռնողները, անձնակազմն ու բարերարները Աստծո և այս տղաների համար արվող գործերի միջև միջնորդներ են։
 
Զինվորի տան բարեկամ Ավագումյանների ընտանիքի աջակցությամբ և ֆինանսավորմամբ Զինվորի տունն այսօրվանից աղոթքի սրահ ունի։ Ավագումյանները Ռուսաստանից ժամանել էին բացման և օծման արարողությանը մասնակցելու։ Նրանց ֆինանսավորմամբ բացված ևս մեկ նոր հատվածի՝ ասեղնաբուժության սրահն էլ անվանակոչվեց ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի անունով։
 
Կարմիր ժապավենը կտրեցին Արցախի հերոսի մայրն ու Լիռա Ավագումյանը։
«Տղաներին օգնելու գաղափարը Աստծո օգնությամբ և գոյությամբ միավորեց ամբողջ հայ ժողովրդին: Քանի որ այդ հավատքը մենք ու մեր բոլոր տղաները ունեինք, մեզ մոտ գաղափար առաջացավ, որ անպայման ունենանք նաև աղոթքի սենյակ, որպեսզի տղաները կարողանան աղոթել այնտեղ: Վստահ եմ, որ սա նոր շունչ է հաղորդել ու մեզ բոլորիս»,-ասաց Մինասյանը:

Մատուռում տեղադրված է խաչքար, որը կենտրոնի սրբավայրին նվիրաբերել է Մայր Աթոռը: Այն 13-րդ դարի խաչքար է, որը բերվել է Արցախից: