211652_close_icon
views-count988 դիտում article-date 21:44 22-11-2022

Գավառ քաղաքում շահագործվել է ավտոմատացված ու կաթիլային ոռոգման համակարգով աշխատող ջերմոց

Գավառ քաղաքում  իր գործունեությունն է սկսել «Բայազետ Ագրո» ընկերության  կողմից հիմնադրված ջերմոցը, որն աշխատում է ավտոմատացված եւ կաթիլային ոռոգման համակարգով։

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, այն առաջին նման կարգի ջերմոցն է Գավառ համայնքի տարածքում, որտեղ աճեցվելու է լոլիկ։  Ջերմոցի բացմանը նախորդել է օրհնության կարգը՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչների։ Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, պաշտոնական այլ անձինք։ Հյուրերը  շնորհավորել են ջերմոցի հիմնադիր եւ սեփականատեր Մկրտիչ Մակարյանին  եւ  աշխատանքային հաջողություններ մաղթել:

«Շուրջ 3500 քառակուսի մետր տարածքում վերջին երկու շաբաթում   արդեն տնկվել են սածիլները: Առաջին բերքն ակնկալում են հավաքել մոտ  2 ամիս անց: Ջերմոցի տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում է ավտոմատացված նորագույն տեխնոլոգիաներին եւ երաշխավորում է բերքի բարձր որակը: Բերքի սպառման հեռանկարները նույնպես տեսանելի են։ Առաջին բերքահավաքից հետո  հանրապետությունում սպառվում է հիմնականում ներկրած լոլիկ: Այդ ժամանակահատվածում մենք  սպառողին կառաջարկենք տեղական արտադրանք: Նախատեսվում է նաեւ ընդլայնել ջերմոցի տարածքը՝ այն հասցնելով մինչեւ 2 հեկտարի»,-տեղեկացրել է ջերմոցային նորաստեղծ տնտեսության գյուղատնտես  Կամո Իսկանդարյանը։  

Նմանատիպ նյութեր